Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններում սպասված, վստահ հաղթանակ է տանում երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևը։ Ընտրություններն այլընտրանքային էին ֆորմալ առումով․ կային այլ թեկնածուներ, որոնք, սակայն, «ապահովեցին» ընտրությունների անցկացման «վիզուալ» հատվածը` միջազգային հանրությանը ցուցադրել նախընտրական քարոզարշավ ու ընտրական ցիկլ։
Ադրբեջանում Ալիևի վերընտրությամբ սպասվում են ներքաղաքական ու արտաքին քաղաքական մի շարք հնարավոր զարգացումներ։
Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, ապա Ալիևն էլ ավելի է ամրապնդելու իր իշխանությունը։ Ջախջախված ընդդիմության, վերահսկվող ԶԼՄ-ների, հատուկ ծառայությունների ու ուժային կառույցների լոյալության պայմաններում նա իրեն ապահովագրել է հնարավոր մայդաններից։
Ալիևն իր տիկնոջը փոխնախագահ նշանակելուց հետո, ապահովելով կլանային (նախիջևանյան, Փաշաևների) բալանսն ու համերաշխությունը, փորձելու է տարիներ անց իշխանության ղեկը փոխանցել որդուն` Հեյդար Ալիև կրտսերին` պատրաստելով նրան, աստիճանաբար «աճեցնելով» տարբեր պաշտոններում ու կարիերային թռիչք ապահովելով։ Նա դեռ երիտասարդ է, և խոսքը գնում է միջնաժամկետ ապագայի մասին։
Վերահսկվող Մեջլիսի (մեծամասնությունն իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունից են), թույլ ընդդիմության ու հասարակության տոտալ հսկողության պայմաններում գահաժառանգ օպերացիան հարթ է անցնելու։ Դրան կարող է խանգարել միայն Ղարաբաղի հաջորդ պատերազմում կապիտուլյացիան, պետության կազմաքանդումն ու կլանի փախուստն արտերկիր` Թուրքիա կամ այլուր։
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա Ալիևը շարունակելու է բալանսավորել Թուրքիայի, ՌԴ-ի ու Իրանի միջև` Ադրբեջանը վերածելով հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք էներգետիկ-տրանսպորտային, լոգիստիկ միջանցքի` նավթագազային նոր հանքավայրերի շահագործումից ստացված եկամուտներով հարստացնելով սեփական ու մոտ կանգնած լոյալ կլանները։
Ադրբեջանն Ալիևի նոր ժամկետում ինտենսիվորեն պատրաստվելու է լայնածավալ պատերազմի Ղարաբաղում ու հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով` Նախիջևան, Տավուշի ու Գեղարքունիքի մարզեր։
Հայատյացությունն ու ՀՀ-ի դեմ գործողությունները միջազգային ասպարեզում շարունակելու են գերակայել, ինչպես նաև մեծ գումարներ են հատկացվելու Արևմուտքում «ընտանիքի» իմիջի բարելավման ուղղությամբ` խավիարային և այլ փողային դիվանագիտություն։