Մինչ աշխարհը զբաղվում է Սկրիպալների թունավորման գործով ու փոխհատուցում է իր նախկին վիրավորանքներն ու ապագա ծրագրերը նրանց հաշվին, Մերձավոր Արևելքում ծավալվում են իրադարձություններ, որ կարող են փոխել տարածաշրջանի սահմանները: Ապրիլի 3-ին Անկարայում հանդիպեցին Պուտինն ու Էրդողանը, հետո նրանց միացավ Ռուհանին: Հրապարակային օրակարգի գլխավոր հարցը սիրիական ճգնաժամն էր: Հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ նրանք պայմանավորվել են, որ Սիրիայի վերականգնումը և հակամարտության քաղաքական կարգավորման որոնումը լինելու է «Աստանայի եռյակի», այսինքն՝ իրենց ուշադրության կենտրոնում: 3 նախագահները համատեղ հայտարարությամբ անսասան հավատարմություն հայտնեցին Սիրիայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, թեպետ, ի տարբերություն Պուտինի ու Ռուհանիի, Էրդողանն Ասադին հետագայում չի տեսնում երկրի նախագահի պաշտոնում, ավելին` առանց Դամասկոսի համաձայնության` Անկարան պատերազմ է մղում քրդերի դեմ Սիրիայի տարածքում ու պարբերաբար հայտարարում է, որ իբր սիրիացիների համար իրենց երկիրն ազատագրում է ահաբեկիչներից: Պատահական չէր, որ Ռուհանին Էրդողանից պահանջեց Աֆրինը հանձնել Սիրիայի օրինական իշխանություններին, իսկ նա դեռ մտադիր է Մանբիջ մտնել: Էրդողանը հնարավորինս հաղթական է ուզում մոտենալ 2019-ի նախագահական ընտրություններին, իսկ պատեհ պայմաններում կարող է նաև արտահերթ ընտրություններ նշանակել` ապահովելով իր իշխանության վերարտադրությունն ազգայնականության ալիքի վրա, իսկ այդ ալիքն առավել վեր բարձրացնելու փորձ կարող է դառնալ Սիրիայի մասնատումը:
Թուրքիան հրապարակավ կողմ է Սիրիայի տարածքային ամբողջականությանը, բայց դե ֆակտո մասնատում է երկիրը և սկսել է իր գրաված տարածքները վերաբնակեցնել սիրիացի փախստականներով, որ լոյալ են իր հանդեպ և դեմ չեն լինի դառնալ Թուրքիայի քաղաքացի, եթե Էրդողանը որոշի այդ տարածքներում հանրաքվե անցկացնել` Սիրիայից անջատվելու ու Թուրքիային միանալու հարցով: Ե՛վ «ժողովրդավարական» կլինի, և՛ «իրավական», և՛ միանգամայն Բաշար Ասադին պաշտոնանկելու Էրդողանի ցանկությանը համապատասխան: Իր սահմանին հարակից տարածքները Սիրիայից պոկելը կլինի առաջին քայլը, որին կարող են հաջորդել այլ պետությունների նույնանման քայլերը: Ի՞նչ կանի «Աստանայի եռյակը»: Ռուսաստանը և Իրանը կհայտնվեն դժվար կացության մեջ և ռեալ քաղաքականությունը հակասության մեջ կմտնի հայտարարված քաղաքականության հետ:
Իրականում «Աստանայի եռյակը» թե՛ Սիրիայում, թե՛ տարածաշրջանում բազում հակասություններ ունի: Ռուս-թուրքական մերձեցումն անհանգստացնում է Իրանին․ հայտնի չէ, թե վճռական պահին ու՞մ կաջակցի Մոսկվան: Բացի քրդերին կանխելուց` Թուրքիան Իրանին անհրաժեշտ է Ադրբեջանին զսպելու համար, որը մերձեցել է Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի հետ: Թուրք-իսրայելական հարաբերությունների սրումը Թեհրանին ձեռնտու է բոլոր առումներով: Նույնը՝ Սաուդյան Արաբիայի դեպքում, որ տարածաշրջանում Իրանի հիմնական տնտեսական մրցակիցն է նավթի ու գազի իր պաշարներով ու արտահանման հնարավորություններով: Թեհրանը փորձելու է մնալ Սիրիայում` ոչ միայն Ասադին աջակցելու, այլև Իսրայելին զսպելու համար:
Քրդական հարցի լուծումն Էրդողանը տեսնում է նրանց Սիրիայից արտաքսելու մեջ: Քրդերը նաև Իրանի համար են գլխացավանք․ ԱՄՆ-ի աջակցությունն ունենալը նրանց անցանկալի գործոն է դարձնում տարածաշրջանում: Որ ԱՄՆ-ը ևս Սիրիայից չի հեռանա, հակառակ Դոնալդ Թրամփի ցանկության, Սպիտակ տունն արդեն հայտարարել է: Մակրոնը ևս Սիրիա մտնելու հավակնություններ ունի․ ակնհայտ է, որ ոչ միայն ռազմական: Ֆրանսիան հետաքրքրված է Սիրիայի վերականգնման մեջ իր մասնակցությամբ, երբ ներդրումների փոխարեն կստանա տարածաշրջանում իր ազդեցության մասնաբաժինը:
Առայժմ Ռուսաստանը զինում է Թուրքիային ռազմական հին տեխնիկայով ու նոր տեխնիկայի տեխնոլոգիաների փոխանցում խոստանում, Արևմուտքն արդեն հասկացել է, որ պետք չէ Թուրքիային լրիվ կորցնել: Քաղաքական առևտուրը կկատարվի Սիրիայի հաշվի՞ն, թե՞ այլ պետությունների: Մերձավոր Արևելքի իրադարձությունները Հայաստանի վրա ազդում են ոչ միայն սիրիահայերի ճակատագրով: Հարևանների հարաբերություններում ու գերտերությունների մրցակցության մեջ առաջանում են վտանգավոր ճեղքվածքներ, որոնք սպառնալիք են նաև Հայաստանի համար: Առաջին հերթին Ղարաբաղի հարցում, հետո` անվտանգության ապահովման, ապա` քաղաքական ու տնտեսական հարաբերությունների: Սիրիայի գորդյան հանգույցը դեռ երկար չի հատվի, Հայաստանը պետք է իմունիտետ ունենա ցանկացած անակնկալի առաջ:
Հ.գ. Իրականում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ցանկացած վայրկյանի հնարավոր է սկսվեն հրթիռային հարվածներ, քանի որ ողջ միջերկրածովյան երկայնքով տրված է «թիվ մեկ» դրություն: Այս ամենի ֆոնին հատկանշական է ժամեր առաջ Թրամփի թվիթերյան գրառումը, որտեղ խոսում էր հնարավոր հարվածների մասին: