Panorama.am-ը գրում է.

Միջնաժամկետ ապագայում ռուս-ամերիկյան հարաբերություններում բարելավում պետք չէ ակնկալել։ Այս մասին ապրիլի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Մենք ականատես ենք բավական սուր իրավիճակի՝ ռուս-ամերիկյան և ռուս-արևմտյան հարաբերություններում, որ լրատվամիջոցները վաղուց «սառը պատերազմ» են կոչում։ Դա «սառը պատերազմ» կոչելը երևի թե ճիշտ չէ, սակայն լայն իմաստով մենք մի իրավիճակում ենք, երբ արևմտյան երկրների և ՌԴ միջև հարաբերությունների բարելավում ակնկալել պետք չէ»,- ասաց նա։

Իսկանդարյանի խոսքով՝ եթե վերջերս իրավիճակը վատ չէր, թվում էր՝ կողմերն ինչ-որ կերպ համաձայնության կգան, դրանից հետո իրավիճակը կլավանա, այժմ այդ հույսը չկա, ռուբիկոնն անցած է, և ամենալավ հարաբերությունները չեն նրանց միջև, ուստի ակնկալել, որ բան կփոխվի, միջնաժամկետ ապագայում պետք չէ սպասել։

Քաղաքագետի կանխատեսմամբ՝ ՌԴ նկատմամբ պատժամիջոցները կավելանան։ Նա, սակայն, դժվարացավ ասել՝ դրանք որքանով են ազդում կամ հետագայում որքանով կազդեն ՌԴ տնտեսության վրա, սակայն կասկածից վեր է, որ կազդեն: Նրա խոսքով՝ ՌԴ տնտեսության մեջ կտրուկ անկում առաջիկայում ակնկալել պետք չէ, բայց փաստ է, որ երկարաժամկետ հեռանկարում այն կազդի։

Իսկանդարյանը նշեց, որ չի հիշում հարաբերությունների այսպիսի սրացում, հատկապես՝ հանրայնորեն: Նրա խոսքով՝ մեր՝ հետխորհրդային տարածքի, Կովկասի ու Հայաստանի դեպքում, մի փոքր տարբեր են իրավիճակները. Ուկրաինան տուժել է և կտուժի կատարվողից, Կովկասի հարավի վրա սա քիչ կազդի, Կենտրոնական Ասիայի վրա՝ ավելի քիչ։

«Հայաստանի դեպքում դեռ չեմ տեսնում, որ սրա հետ կապված ինչ-որ քաղաքական դժվարություններ լինեն, նա կարողանում է երկու կողմի հետ էլ համագործակցել և այս պայքարի դաշտից դուրս մնալ։  Հայաստանը մեծ չէ, հետաքրքիր չէ գերտերությունների համար, սա այն երկիրը չէ, որի համար կարելի է պայքարել այն ուժով, ինչպես պայքարում էին Ուկրաինայի դեպքում, դրա համար կարծում եմ՝ իրավիճակն այսպես կմնա»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել