Երբ 1827թ. աշնանը թեժ մարտերից հետո ռուսական բանակները գրավեցին Երևանի բերդը, ռուսական զորքերի գեներալ Պասկևիչը, ոչ ավել, ոչ պակաս, ստացավ Կոմս Էրիվանսկի տիտղոսը: 1828թ. փետրվարին Թուրքմենչայից հետո, երբ Արևելյան Հայաստանը Պարսկաստանից խլվեց և միացվեց Ռուսաստանին, ցարիզմը հետզհետե սկսել էր իրականացնել իրեն բնորոշ ազգային-գաղութային քաղաքականությունը: Հայոց եկեղեցին իր բոլոր թերություններով հանդերձ, այնուամենայնիվ, նշանակալի դեր ուներ և բնական է, որ առաջնային թիրախներում էր: Այսպես շատ հայերի կողմից, չգիտես ինչու, սիրված գեներալ Պասկևիչը մեկ այլ գեներալ Նիկիտա Պանկրատևին ուղղված գաղտնի հրամաններում խոսում էր հայոց եկեղեցու ազդեցության և դիրքերի թուլացման մասին: Մասնավորապես նրա խոսքում նշվում էր, որ հայերը վաճառականության մեջ շատ օգտակար են: Նրանք չունեն քաղաքական անկախություն և միմյանց հետ կապված են կրոնով: Հոգևոր իշխանությունն էլ հասարակության վրա լուրջ ազդեցություն ունի: Այդ իսկ պատճառով կաթողիկոս պետք է լինի այնպիսի մեկը, ով կղեկավարվի իրենց կողմից: Պասկևիչի համար, իր իսկ խոսքերով, հայոց եկեղեցու թուլացումը և նրա միաձուլումը ռուս ուղղափառության հետ ժամանակի հարց էր, որը պետք է շուտափույթ լուծում ստանար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: