Երևանի ավագանու ընտրություններն ավարտվել են, այս պահին ընթանում է ձայների հաշվարկը: Իսկ ընտրական գործընթացի վերաբերյալ արդեն իսկ որոշ գնահատականներ են հնչեցնում քաղաքական ուժերի ներկայացուցիչները: ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ՀԱԿ համամասնական ցուցակը գլխավորող Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը նշել է. «Անցավ այնպես, ինչպես նախորդ ընտրությունները, էլի խախտումներ, էլի ընտրակաշառք, էլի վարչական ռեսուրսի օգտագործում, էլի ուրիշի տեղ քվեարկել, մի խոսքով ամեն ինչ կար»:
Ըստ Վահագն Խաչատրյանի՝ Հայաստանում երբեք էլ ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխան ընտրություններ չեն անցկացվել, և սա չէր կարող լինել բացառություն: «Որովհետև առանց ընտրախախտումների այս իշխանությունները հասկանում են, որ չեն կարող որևէ ձայն ստանալ»,- մեզ հետ զրույցում ասել է ՀԱԿ ներկայացուցիչը:
Հետընտրական ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում, և հնարավո՞ր է ՀԱԿ-ը, կախված արդյունքներից, դարձյալ դուրս գա փողոց, հարցին Երևանի նախկին քաղաքապետը տվել է հետևյալ պատասխանը. «Այդ ամենը կախված է արդյունքներից, չի բացառվում: Չպետք է մոռանալ, որ մեր մոտ խախտումների մի մեծ բաժին էլ ընկնում է հաշվարկների վրա, նախագահական ընտրություններն էլ դրա ապացույցն էր, այնպես որ հետընտրական զարգացումները կախված են այն բանից, թե երբ և ինչպես կհայտարարվեն արդյունքները»:
Վահագն Խաչատրյանը հայտնել է, որ իրենք դեռ պետք է սպասեն և տեսնեն, թե ինչպես է ավարտվում այս ամենը, և դրանից հետո կորոշեն: «Պետք է տեսնենք, թե ինչ են անում, ինչ գողություններ, ինչ ավազակություններ են անում»,- հայտնել է ՀԱԿ անդամը:



