Ապրիլի 5-ին՝ Ավագ հինգշաբթի օրը, առավոտյան ժամը 11-ին, Երուսաղեմի Հայոց պատրիարքության Սրբոց Հակոբյանց Մայրավանքում՝ ձեռամբ Սուրբ աթոռի Լուսարարապետ Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանի մատուցվեց սուրբ և անմահ պատարագ: Ապա կեսօրից հետո՝ ժամը 2:30-ին, նույն տաճարում կատարվեց Ոտնլվայի արարողություն՝ հետևողությամբ Քրիստոսի ձեռքով Իր աշակերտների ոտքերը լվանալու օրինակին:
Հիսուսն Իր աշակերտներին տվեց սիրո և խոնարհության գերագույն ու գործնական օրինակ՝ նրանց ոտքերը լվանալով: Հստակ է Քրիստոսի տված պատգամն Իր աշակերտներին և այսօր՝ նաև մեզ: Այս արարքով Հիսուս մեզ խոնարհ լինելու և բոլորին անսակարկ սիրով ծառայելու պատգամ փոխանցեց, քանի որ, ով ուզում է մեծ լինել, պետք է բոլորի սպասավորը լինի: Այս դրվագի պատկերավոր կատարումն է, որ այսօր տեղի է ունենում մեր եկեղեցիներում:
Սուրբ աթոռի Լուսարարապետ՝ Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը մեծ վայելչությամբ զգեստավորված կանգնեց սուրբ խորանի մեջտեղում, իսկ նրա երկու կողմերում շարքով կանգնեցին տասներկու վարդապետներ՝ ի նշան տասներկու առաքյալների: Արտասանված կանոնական աղոթքներից ու երգված շարականներից հետո վարդապետները հերթով մոտեցան Սրբազան հորը, որ նրանց ոտքերը ջրով լվանալուց հետո օծեց նաև յուղով, օրինակ՝ Մարիամի կողմից Քրիստոսի ոտքերը օծելուն:
Ոտնլվայի արարողության շարականները գեղեցիկ կերպով կատարեցին Սուրբ աթոռի ժառանգավոր սաները, ուրարակիրներն ու սարկավագները, որոնք հագել էին 18-րդ դարի արծաթաթել ու ոսկեթել բացառիկ շապիկներ, որոնք գործածվում են տարվա մեջ միայն մեկ անգամ՝ Ոտնլվայի արարողության ժամանակ: Ոտնլվայի վերջին Ավետարանը կարդում են նախ՝ Ոտնլվայի արարողությունը կատարող Սրբազան հայրը՝ հայերեն և ապա՝ Անգլիկան արքեպիսկոպոսը՝ անգլերեն: Արարողության ավարտին ներկաներին բաժանվում է օրհնված յուղ, որոնք, իրենց հետ տուն տանելով, քսում են իրենց ընտանիքի անդամների և հատկապես հիվանդների ճակատին, աչքերին, ականջներին կամ մարմնի ցավող մասերին՝ բժշկություն ստանալու հավատքով: