Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը կընդլայնեն ռազմական համագործակցությունը: Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը ստորագրել են ռազմական ոլորտում փոխըմբռնման ու համագործակցության հուշագիր։ Այդ մասին հայտնում է Վրաստանի ՊՆ-ն։
Թուրքական Գիրեսուն քաղաքում տեղի է ունեցել Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ՊՆ-ի նախարարների հանդիպումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության, տարածաշրջանային և այլ հարցեր։
ՌԴ-Վրաստան հարաբերությունների հետագա սրումը Արևմուտք-ՌԴ «սառը պատերազմ-2.0»-ի պայմաններում ստիպելու է Թբիլիսիին ավելի սերտ կապեր հաստատել տարածաշրջանում ՆԱՏՕ-ական թիվ մեկ երկրի` Թուրքիայի ու նրա «սատելիտ» Ադրբեջանի հետ։
Տարածաշրջանում էլ ավելի են հստակեցվում այն «կարմիր գծերը», որոնք մինչև ԱՄՆ-ՌԴ «սառը պատերազմն» այնքան էլ զգացնել չէին տալիս։ Հստակեցվում է տարածաշրջանային «բլոկային» սկզբունքը․ ՆԱՏՕ-ի «հովանավորությամբ» ուրվագծվում է Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմական դաշինքը, որն ուղղված է լինելու ՌԴ-ին զսպելուն, իսկ Թուրքիա-Ադրբեջան մասով սլաքն ուղղված է լինելու ՀՀ-ԼՂՀ-ի դեմ։ Մյուս կողմից՝ ՌԴ-ն ուժեղացնելու է իր ռազմա-քաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում` Աբխազիա, Հարավային Օսիա և, իհարկե, Հայաստան։
Վրաստանի համար ՌԴ-ի հետ «բալանսը» պահելու համար անհրաժեշտ է հենվել այլ տարածաշրջանային խաղացողների վրա` ելնելով թուրք-ադրբեջանական տանդեմի տնտեսական մեծ ազդեցությունից Վրաստանի տնտեսության վրա, վրացիները ստիպված են ընդգրկվել Անկարա-Բաքու ռազմա-քաղաքական դաշինքի ուղեծրում, ինչն էլ ազդելու է հայ-վրացական հարաբերությունների վրա` ավելի լայն՝ ՌԴ-ՀՀ-Վրաստան-ՀԱՊԿ-ՆԱՏՕ համատեքստից ելնելով։