Թուրքիան գրավել է Սիրիայի մի հատվածը, սպառնում է էլ ավելի խորանալ երկրի ներսում, ինչպես նաև հայացքը հառել է Իրաքին։ Ռ․ Թ․ Էրդողանը պնդում է, որ ոչ մեկ իրավունք չունի իրենց ասելու, թե ինչո՞ւ են գրավել Սիրիայի տարածքը, քանի որ Սիրիայի քաղաքացիները «կանչում» են թուրքերին։
Եմենի հութիները, ըստ տարբեր աղբյուրների, Սաուդյան Արաբիայի 5 քաղաքների, այդ թվում՝ մայրաքաղաքի ուղղությամբ արձակել են 7 հրթիռ, ինչից հետո սաուդցիները նախազգուշացրել են Իրանին։
Մեծ Բրիտանիան, վտարելով ռուս դիվանագետներին, սահուն կերպով կուրս է վերցնում դեպի Արևելք՝ հայտարարելով, որ Եմեն-Սաուդյան Արաբիա պատերազմում անպայմանորեն սատարում է սաուդցիներին։ Այսինքն՝ ստացվում է իրանա-բրիտանական առճակատում՝ Սաուդյան Արաբիա-Եմեն ձևաչափով։
Միացյալ Նահանգները, միջուկային համաձայնությունում փոփոխություներ կատարելու կամ իսպառ դուրս գալու՝ Դ․ Թրամփի հայտարարած վերջնաժամկետի մոտենալուն լրջորեն է պատրաստվում՝ փոխելով նախ՝ ԱԳ նախարարին, ապա՝ ԿՀՎ ղեկավարին՝ երկու դեպքում էլ ընտրելով ակնհայտորեն ընդգծված հակաիրանական և կոշտ քաղաքականություն նախընտրող անձանց։
Ֆրանսիան միջուկային համաձայնության, ինչպես նաև Իրանի հրթիռային ծրագրերի հարցում կոշտացնում է հռետորաբանությունը։
Իսրայելի վարչապետ Բ․ Նեթանյահուն պնդում է, որ ԱՄՆ-ն պետք է դուրս գա միջուկային համաձայնությունից։
Իրանի նախագահն աշխատանքային հանդիպում է անցկացնում դատական և օրենսդիրներ մարմինների ղեկավարների հետ, որտեղ կարևորում է տարածաշրջանում կայունությունը և Սիրիական ճգնաժամի շուտափույթ լուծումը՝ մեծ հույսեր կապելով Ստամբուլում նախատեսվող եռակողմ՝ Էրդողան-Պուտին-Ռուհանի հանդիպման հետ։
Իսկ մեզ մնում է ակնդետ հետևել զարգացող դեպքերին, և այս իրադարձությունների հորձանուտում ոչ միայն փորձել ճիշտ և հաշվենկատ շարժումներով խուսափել ու չբախվել ստորջրյա խութերին, այլև շահեկան, հարմարավետ, կայուն, զարգացող և հարուստ նավահանգիստներ ընտրել։