Չորրորդ անգամ բացարձակ` 77 տոկոս ռեկորդային թվով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերընտրվեց ու սկսեց շնորհավորանքներ ստանալ: Դիվանագիտության մեջ դա չգրված ծես է, որի ընթացքում դրսևորվում են միջպետական ու միջանձնային հարաբերությունների առանձնահատկությունները ներկայի ու ապագայի կտրվածքով: Շնորհավորանքները գրավոր ու բանավոր էին:
Պուտինին հրապարակային ուղերձներ էին հղում ու զանգահարում․ հեռախոսազրույցների բովանդակությունը ոչ միշտ է հրապարակվածին համարժեք: Շնորհավորական առաջին հեռագրերը Կրեմլում նախագահների մակարդակով ստացվեցին Չինաստանից, Սերբիայից, Բելառուսից, Հայաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Թուրքմենստանից, Ադրբեջանից, Տաջիկստանից, Հունգարիայից, Վենեսուելաից, Բոլիվիայից, Կուբայից և այլ երկրներից: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս զանգահարեց վերընտրված Պուտինին: Ֆրանսիական մամուլը գրում է, որ ոչ թե շնորհավորեց, այլ հաջողություններ մաղթեց երկրի մոդեռնացման գործում ու անհանգստություն արտահայտեց Սիրիայի իրավիճակից, կոչ արեց տեղեկատվություն տրամադրել Սոլսբերիում Սկրիպալի թունավորման գործով: Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը գրեց․ «Մենք միշտ Ռուսաստանի ու Գերմանիայի սերտ համագործակցությունը համարել ենք համաեվրոպական ջանքերի մաս Սառը պատերազմի ավարտից հետո մեր մայրցամաքում հաստատուն աշխարհակարգի հաստատման ու ամրապնդման համար»: Կանցլեր Անգելա Մերկելը հեռագրեց, որ «ջերմորեն շնորհավորում է վերընտրությունը և հիմա, ինչպես երբևէ, կարևոր է շարունակել երկխոսությունը միմյանց հետ ու առաջ տանել երկու երկրների ու ժողովուրդների հարաբերությունները»:
Պաշտոնական շնորհավորանքներ ուղարկեցին նաև Էրդողանն ու Նեթանյահուն: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման համատեղ ջանքերի ու Կուրիլյան կղզիներում տնտեսական նախագծերի իրականացման հույս հայտնեց: Իրանի նախագահ Հասան Ռուհանին շնորհավորեց «համոզիչ հաղթանակն» ու վստահություն հայտնեց, որ «նոր ժամկետի ընթացքում երկու երկրների հարաբերություններն ավելի լավ կզարգանան»:
ԵՄ-ն հայտարարեց, որ անհանգստացած է ընտրությունների ժամանակ ընտրական գործընթացի խախտումներով, հատկապես թեկնածուների գործունեության միակողմանի լուսաբանման և քաղաքական ազատությունների սահմանափակման առումով: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, բնականաբար, լռեց: Չշնորհավորեց և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունները Պուտինի 6-ամյակում կա՛մ ավելի կվատանան, կա՛մ կմնան նույն մակարդակում, կա՛մ կլավանան: Փաստացի, նրա վերընտրությունն իրավիճակ չի փոխում այդ հարաբերություններում, ընդամենը հեռանկարների գնահատման առիթ է: Շատ փորձագետների գնահատականով` Արևմուտքի հետ առճակատումը քաղաքականապես ձեռնտու է Պուտինին ու նրա շրջապատին, ընտրությունները վկայեցին, որ նաև Ռուսաստանի բնակչության 77 տոկոսին: Ռուսաստանում առճակատումն ընկալվում է իբրև գերտերության կարգավիճակի վերականգնման վկայություն: Եթե Ռուսաստանը գոնե արտաքուստ որևէ փոփոխություն չանի իր քաղաքականության ու քարոզչության մեջ, Արևմուտքի համար դժվար է հարաբերությունների վերականգնման քայլեր անել` չստանալով մրցակից քաղաքական ուժերի, մամուլի ու հասարակության որոշակի մասի դժգոհությունը: Պատժամիջոցները, պատերազմները, կոնֆլիկտները հարաբերությունների տեսակ են, որ պետությունների զինանոցում իրենց ազդեցությամբ ու արդյունավետությամբ բնավ չեն զիջում համագործակցային միջոցներին: Ուժերի հարաբերակցության ու նախընտրության հարց է, նաև` քաղաքական ավանդույթների ու նոր իրավիճակներին համարժեք արձագանքելու ճկունության:
Հազիվ թե վերընտրված Պուտինի նախագահությամբ փոփոխություններ լինեն տարածաշրջանային ու ռուս-հայկական հարաբերություններում: