«Science and Technology Park» ընկերությունը, որի գրասենյակը գտնվում է Ադրբեջանի ԳԱԱ բարձր տեխնոլոգիաների պարկում, բարաժող ռազմամթերքի երեք նախատիպ է մշակել։
Նրանցից մեկը՝ «Mini» անվան տակ, գտնվում է դեռևս փորձարկման փուլում։ Նրա զանգվածը 3,5 կիլոգրամ է, թռիչքի տևողությունը՝ 30 րոպե, մարտագլխիկի զանգվածը՝ 0,5-0,7 կգ։ Հարվածի շառավիղը՝ 5-7 կմ։
Երկրորդ նախատիպն ավելի ծանր է՝ մոտ 5 կգ։ Նա նման է իսրայելական Harop բարաժող ռազմամթերքի փոքրացված պատճենին։ Հարվածի շառավիղը 10 կմ է։ Էլեկտրաշարժիչ է օգտագործվում։ Երրորդը «Grand»-ն է՝ 12-15 կգ ծավալով, թռիչքի տևողությունը 3 ժամ, հարվածի շառավիղը՝ մինչև 20 կմ։ Օգտագործում է ներքին այրման շարժիչ։
Նախորդ տարի Ղարաբաղում Ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանը նույնպես բազմաթիվ անգամ և տարբեր նպատակների համար` հետախուզական, հարվածային, հրետանու կրակի ուղղորդում (корректировка огня), կիրառել է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ իսրայելական արտադրության կամիկաձեներ, իսկ այժմ սկսել է տարբեր տեսակի անօդաչուների սեփական արտադրությունը։
Ադրբեջանը, Քառօրյայից դասեր քաղելով, հասկացել է անօդաչուների կիրառման արդյունավետությունը։ Արցախի երկնքում կործանիչների կիրառությունը հանգեցնելու էր ՊԲ ՀՕՊ ուժերի հակազդմանն ու մարդկային, (օդաչուներով Ադրբեջանը երբեք աչքի չի ընկել և արցախյան պատերազմում օգտվել այլազգի օդաչուների ծառայություններից), ինչպես նաև նյութական` միլիոնավոր դոլար արժեցող կործանիչների կորուստների։ Սեփական արտադրության անօդաչուներն այդքան էլ թանկ չեն Իսրայելից գնելու համեմատությամբ, այդ պատճառով Բաքուն որոշել է գնալ հետախուզական, հարվածային (կամիկաձե) և հետախուզա–հարվածային տիպի անօդաչուների արտադրությանը, ինչը հուշում է, որ Ղարաբաղում այդ տիպի զինատեսակներն ավելի լայնորեն են կիրառվելու։
ՊԲ-ն պետք է ամրապնդի ՀՕՊ համակարգն ու РЭБ համակարգերը։
Անօդաչուների զանգվածային կիրառության նպատակն է տնտեսել թե՛ կործանիչ ավիացիան, թե՛ մարդկային գործոնը բացառել։ Կործանիչի խոցումը բերելու է կա՛մ անձնակազմի կորստի, կա՛մ նրանք կատապուլտայից օգտվելու պարագայում «ընկնելու» են ԼՂՀ տարածքում ու դառնալու են ադրբեջանական ագրեսիայի կենդանի վկաները` գերիներ, ինչը կունենա թե՛ ռազմական, թե՛ քաղաքական ծանր հետևանքներ Բաքվի ռեժիմի համար։
Անօդաչուները հաջորդ ռազմական գործողությունների ժամանակ օգտագործվելու են հետախուզական` ԼՂՀ խորքում զորքերի տեղաշարժը հսկելու, ինչպես նաև հարվածային նպատակներով` հարվածելով թիկունքից առաջնագիծ օգնության շտապող զինտեխնիկայի շարասյուններին, շարքից հանելով ենթակառուցվածքներն ու հարվածի տակ պահելով Քելբաջարի ու Լաչինի ճանապարհները, որպեսզի ՀՀ-ից օգնության ինտենսիվությունը սահմանափակվի։
Հարվածներ կարող են հասցվել նաև Ստեփանակերտի դեռևս չգործարկված օդանավակայանին, թռիչքուղուն և այլն` Երևան-Ստեփանակերտ օդային ճանապարհով ռազմական աջակցությունը խափանելու համար։
Օրերս Ադրբեջանում ավարտված զորավարժությունների ընթացքում ակտիվորեն փորձարկվել են անօդաչուներ լեռնային տեղանքում, մոտեցված ղարաբաղյան ռելիեֆին։ Բաքուն չի թաքցնում, որ հաջորդ ռազմական էսկալացիայի ժամանակ «մարդկային գործոնը» բացառելու և իր կողմից զինվորների կորստից խուսափելու համար օգտագործելու է անօդաչուներ և տեխնիկական այլ միջոցներ։