«Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարի մասին նրա իսկ հայտարարությանը հաջորդեց Ժիրայր Սէֆիլյանի դատավճիռը: Հաշվարկած էր արդյոք հաջորդականությունը, թե ոչ, դժվար է ասել, համենայն դեպս քաղաքականության մեջ երևի թե չեն լինում այդպիսի պատահականություններ: Այսպես, թե այնպես, ուշագրավ է, որ Սարգսյանի հայտարարությունից հետո Սէֆիլյանը դատապարտվում է տասը տարի 5 ամիս ազատազրկման, որն, ըստ էության, բավականին խիստ պատժաչափ է և, կարծես թե, բավականին ցուցադրական պատժաչափ:

Սերժ Սարգսյանը մի կողմից հայտարարում է, որ հինգ րոպե պակաս վարչապետ է, ակնարկում, որ շարժառիթների շարքում է նաև «Սասնա ծռերի» դեպքն ու այսօր էլ փողոցում հարցեր լուծելու կոչեր հնչեցնելը, և հետո դրան հաջորդում է Սէֆիլյանի նկատմամբ խիստ և ցուցադրական պատժաչափը, որով Սարգսյանը, կարծես թե, ցույց է տալիս, որ վճռական է տրամադրված իր վարչապետությունը ցնցումների կամ արտառոց զարգացումների միջոցով կանխելու փորձերի հանդեպ:
Սրան զուգահեռ, սակայն, խնդրի հակառակ կողմում այն է, որ Սարգսյանը, կարծես թե, մարտահրավեր է նետում հանրությանը, ասելով, դե դուրս եկեք փողոց՝ տեսնեմ:

Բանն այն է, որ կար տեսակետ, թե Սարգսյանը կձգի իր վարչապետության մասին հայտարարությունը մինչև ապրիլի 15-16, որպեսզի հայտարարելուց հետո այսպես ասած ընդդիմությունը կամ ընդդիմությունները չունենան հասարակությանը փողոց հանելու և կրիտիկական իրավիճակ հասունացնելու ժամանակ, եթե անգամ համարվում է, որ գործնականում դրա ոչ միայն ժամանակի, այլ ռեսուրսային մի շարք հանգամանքների պակաս կա: Սարգսյանը փաստորեն տալիս է 20 օր ժամանակ: Ավելին, դրան հաջորդում է Սէֆիլյանի գործով խիստ դատավճիռ, կամ ոչ մեղմ, և թերևս ցուցադրական մի դատավճիռ, որն անմիջապես կապակցվելով վարչապետության մասին Սարգսյանի հայտարարությանը կարող է տալ այսպես ասած առավել ուժգին էֆեկտ՝ արթնացնելով հանրային դժգոհություն:

Կամ Սերժ Սարգսյանը լիակատար վստահ է, որ չի կարող լինել այդպիսի բան և չկա այդ ամենի համար փողոց դուրս գալու պատրաստ հանրություն և այդ իսկ պատճառով ցուցադրում է մկանները, կամ Սարգսյանը ունենալով որոշակի մտավախություններ, փորձում է այսպես ասած ժամանակից շուտ հասունացնել դրանք, ընդ որում նույնիսկ ավելի շուտ, քան գուցե պլանավորում էին հնարավոր քայլերի կազմակերպիչները և մշակողները:

Եվ այս ամենին զուգահեռ, Սերժ Սարգսյանը, կարծես թե, նաև փորձում է ընդգծել այսպես ասած կոնտրաստը, ասելով, որ մի կողմից առաջարկում է բավականին հարմարավետ պայմաններ նրանց, ովքեր «երիտասարդ լիդերներ» են, կամ այլ կերպ ասած նոր համակարգի և խաղի կանոնների շուրջ պատրաստ են պայմանավորվել, մյուս կողմից շատ կոշտ է լինելու այդ կանոնները մերժողների հանդեպ: Այդ տեսանկյունից, Սէֆիլյանի դատավճիռը նաև որոշակի մարտահրավեր է, նետված այն քաղաքական խմբերին, որոնք քննարկում են Սարգսյանի վարչապետության դեմ առավել արմատական պայքարի տարբերակները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարու
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել