ՌԴ նախագահական ընտրություններում սպասելի ու վստահ հաղթանակ է տանում գործող նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պուտինի հաղթանակը հեշտ կանխատեսելի էր, սակայն այդ հաղթանակի հիմքում առկա են այն «ռեսուրսային բազաները», որոնց վրա հենվելով՝ գործող նախագահը վերընտրվեց։
Պուտինն օգտագործեց ՌԴ-Արևմուտք «Սառը պատերազմ 2»-ը` ազգի միավորման, համախմբման, «արտաքին թշնամիների» առկայության ֆոնին հասարակության «ուժեղ ձեռք» ունենալու սպասումները։ ԶԼՄ-ների աշխատանքն ու PR-ը տարվում են այդ «ուժեղ ձեռքի» ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտության տրամաբանությամբ։
Բացի այդ՝ Պուտինն ունի կատարված մեծ աշխատանք թե՛ տնտեսական բարեկեցության, պետության միասնականության (Չեչնիա և այլն), ինչպես նաև բանակի հզորության բարձրացման հարցում։ Սիրիական պատերազմում ռուսական զորքերի հաջող գործողություններն ուղղվեցին Պուտինի՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի PR-ի համար։ Ղրիմի վերամիավորումն էլ իր հերթին ապահովեց թերակղզում գործող նախագահի համար էլեկտորատային մեծ աջակցության։ Դրան զուգահեռ մեծ ցուցանիշներ են գրանցվել Պուտինի օգտին Չեչնիայում (դա կանխատեսելի էր), ինչպես նաև Մոսկվայում ու նրա հայրենի Սանկտ Պետերբուրգում։
Մոսկվայում հաղթանակն ու բարձր տոկոսները բացատրվում են մայրաքաղաքում առկա «վարչական մեծ ռեսուրսով»․ չինովնիկների բանակը քվեարկել է նրա օգտին, բացի այդ՝ վերջին տարիներին Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը` Պուտինի թիմակիցը, մեծ աշխատանքներ է տարել մայրաքաղաքի բարեկարգման ուղղությամբ․ դա նույնպես լրացուցիչ ձայներ է ու փիառ՝ հօգուտ գործող նախագահի։
Վարչական մեծ ռեսուրսները` «Եդինայա Ռոսիա» կուսակցության, պետական պաշտոնյաների` նահանգապետեր, քաղաքապետեր, ուժային կառույցների` բանակ, ոստիկանություն, հատուկ ծառայությունների աջակցությունը չէր կարող իր էֆեկտը չունենալ։
Բացի վարչական, ֆինանսական, փիառ և այլ հնարավորություններից՝ Պուտինի օգտին աշխատեց նաև թույլ ընդդիմությունը` առանց հստակ ծրագրերի, Արևմուտքի հետ սառը պատերազմի ֆոնին Արևմուտքի հետ «լեզու գտնելու», Ղրիմը զիջելու մասին հայտարարություններն ու սև փիառն ընդդիմության դեմ արեցին իրենց գործը` ընդդիմության, լիբերալ թևի ձայները փոշիացան՝ կիսվեցին տարբեր թեկնածուների միջև, ինչն էլ բխում էր Կրեմլի տրամաբանությունից։
Թույլ ընդդիմության պայմաններում վսհատ հաղթանակը սպասելի էր, սակայն պետք է շեշտել գլխավորը` ռուսաստանյան էլեկտորատի մի ստվար զանգված իրոք կիսում է Պուտինի հայացքները․ ՌԴ-ի հզորության, հակաարևմտյան, պահպանողական հայացքներն ու հենց այդ էլեկտորատը` վերոնշյալ «ռեսուրսային բազաների» հետ միասին տվեցին այն արդյունքը, որը հրապարակեց ռուսաստանյան ԿԸՀ-ն։