Այսօր Բաքվում կայացած Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի ու Վրաստանի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպման արդյունքներով համատեղ հռչակագիր է ստորագրվել։
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ հռչակագիրը կընդլայնի քառակողմ համագործակցությունը ենթառակուցվածքային, տրանսպորտի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։
Նա հավելել է, որ հաջորդ քառակողմ ֆորմատով հանդիպումը կայանալու է Վրաստանում։
Ադրբեջանը ցանկանում է իր երկու հարևաններին` Վրաստանին ու Իրանին ներգրավել մեկ միասնական տրանսպորտային, էներգետիկ նախագծերում` Թբիլիսին ու Թեհրանը ՀՀ-ից «պոկելու» նպատակով։
Բաքուն ցանկանում է զարգացնել այսպես կոչված «Հարավ-Արևմուտք» (Հնդկաստան-Պարսից ծոց-Իրան-Ադրբեջան-Վրաստան-Սև ծով-Ուկրաինա-ԵՄ) միջանցքը։ Դա արվում է ՀՀ-ն տարածաշրջանային նախագծերից մեկուսացնելու նպատակով։ Հայ-իրանական ու հայ-վրացական երկկողմ տրանսպորտային, էներգետիկ և այլ նախագծերի կյանքի կոչումը հարվածում է ՀՀ-ն մեկուսացնելու թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարությանը։ Չմոռանանք, որ Վրաստանն ու Ադրբեջանը նաև ՎՈւԱՄ-ի անդամ են։
Ադրբեջանը ցանկանում է «միջանցք» դառնալ իրանական բիզնեսի համար դեպի Վրաստան ու Սև ծով, իսկ Վրաստանի համար` Թբիլիսի-Բաքու-Իրանի սահման երկաթգծի միջոցով վրացիներին թույլ տալ մուտք գործել իրանական բազմամիլիոնանոց շուկա ու Պարսից ծոց։
Տրանսպորտային ու էներգետիկ, տարանցիկ միջանցքի վերածվելու Ադրբեջանի քաղաքականությունը կարող է դրդել Բաքվին հատուկ, արտոնյալ պայմաններ ստեղծել իրանական ու վրացական արտադրողների ու բեռնափոխադրողների համար, որպեսզի նրանք հայկական` ՀՀ-ի տարածքով անցնող ուղղությանը նախընտրեն ադրբեջանական ուղղությունը․ դա էլ տնտեսական պատերազմի, դեմփինգի և այլ տարրերից մեկն է։
Այս քաղաքականությանը դիմակայելու համար անհրաժեշտ է օպերատիվ կերպով կյանքի կոչել Հյուսիս-Հարավ նախագիծը, Իրան-Հայաստան երկաթգիծն ու վրացական ու իրանական բիզնեսի համար արտոնյալ պայմաններ ստեղծել տարածաշրջանում չմեկուսացվելու համար։