ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր համար շատ կարևոր է քաղաքական պայքարի ոչ բռնի ձևը։ Բռնության կոչեր, բնականաբար, ոչ մի քաղաքական գործիչ չի անի՝ բացառությամբ երևի Շանթ Հարությունյանի, սակայն մարդու վարքաբանությունից, քաղաքական գործելաոճից մենք կարող ենք դատել՝ նա կողմնակից է աժիոտաժված քաղաքականության, թե ոչ։ Փաշինյանը, համենայն դեպս, իր հարցազրույցներում ու հանրային քաղաքականության իր պատկերացումներում երբեք չի թաքցրել, որ ավելի շատ իրեն հոգեհարազատ է փողոցը, հետևաբար ինքը դեռ անելիք ունի փողոցում, ու Փաշինյանը փորձում է հրապարակներում գործունեություն ծավալելու որևէ առիթ բաց չթողնել։ Սակայն քաղաքականությունը, ինչպես գիտենք, նախևառաջ արդյունավետ է ռացիոնալ տիրույթում, կարևորը արդյունքներն են, ոչ թե նախասիրությունները։ Փոխվում են ժամանակները, փոխվում են նաև մարդկանց պատկերացումները քաղաքականության մասին։ Թափանցիկ աշխարհը նոր խաղի կանոններ է ենթադրում, մինչդեռ հայաստանյան ավանդական ընդդիմությունը շարունակում է իր նախապատվությունը տալ ավանդական մեթոդաբանությանը։ Արդեն քանի տարի Հայաստանում ընդդիմությունը հրապարակ չի կարողանում լցնել, էլ ուր մնաց խոսակցություններ գնան բռնի, թե ոչ բռնի, ժողովրդավար, խաղաղ, թե բախումներով լի հանրահավաքային պայքարի մասին։ Ապրելով Հայաստանում՝ Փաշինյանը սա չի կարող չհասկանալ, չի կարող չըմբռնել, ու եթե հասկանում է, ապա ինչո՞ւ է շարունակաբար ձգտում դեպի հրապարակ, ի վերջո ի՞նչ է դա իրեն տալու։
Կա՛մ, անկախ ամեն ինչից, նա չի կարողանում մոռանալ սրբազան հինը, այն ժամանակները, երբ իսկապես Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը կայանում էր հրապարակներում, կա՛մ էլ այդ գործընթացների իներցիան նրա վրա հսկայական ազդեցություն է թողել, ու առայժմ նա չի կարողանում թոթափել այդ լուծը, մինչդեռ իրավիճակը բոլորովին այլ լուծումներ է ենթադրում իրենից։ Նոր մոտեցումներ, նոր մեթոդաբանություն, որոնք միգուցե ոչ ստանդարտ քայլեր են ենթադրում, սակայն դրանք պարտադիր են, հակառակ դեպքում ընդդիմությունն անվերապահ տանուլ կտա իշխանության հետ հակամարտության վերջին կռիվը։