Էրդողանը Մերսինում Արդարություն և զարգացում կուսակցության ցույցի ժամանակ ցույց է տվել թուրք ազգայնականների` «Գորշ գայլերի» նշանը։ Էրդողանը հիշեցրել է ամբողջ ժողովրդի մոբիլիզացիայի հնարավորության մասին։
«Երբ լինի մոբիլիզացիայի հրաման, առաջինը կգնամ ես, իսկ հետո մենք կգնանք միասին, qանի որ մենք հավատում ենք շահադատին»,- նշել է նա։
Հասկանալի է, որ նախընտրական շրջանում Էրդողանը ցանկանում է շահել ազգայնական էլեկտորատի ձայները, պատրաստ է հանուն նախագահական ընտրություններում հաղթանակի հենվել աջ ծայրահեղական, ազգայնական էլեկտորատի վրա` օգտագործելով նաև Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող ռազմական գործողությունները։
Պահպանողականներն ու ազգայնական շրջանակները լինելու են Էրդողանի էլեկտորատային «միջուկը», որի, ինչպես նաև բանակի, ոստիկանական ուժերի ու հատուկ ծառայությունների (գյուլենականներից ձերբազատումից հետո) վրա հենվելով՝ Թուրքիայի նախագահը փորձելու է կրկին դառնալ այդ երկրի առաջնորդ` սուպեր լիազորություններով։
Թուրքիայում գյուլենականների շարժման դեմ պայքարի քողի տակ Էրդողանը ձերբազատվեց բոլոր ընդդիմադիր ուժերից, քրդական հարցը կրկին սկսեց լուծել ռազմական ճանապարհով թե՛ երկրի ներսում, թե՛ սահմանների երկայնքով, ազատ խոսքի դեմ սկսվել է արշավ․ Էրդողանի դեմ գրող կամ արտահայտվող լրագրողները հայտնվում են բանտերում կամ վախի մթնոլորտի պայմաններում լքում են Թուրքիան։
Էրդողանը կառուցում է պանթուրքիստական, պանիսլամիստական ու նեոօսմանական սինթեզի վրա «Նոր Թուրքիա», որը լինելու է էլ ավելի ագրեսիվ երկրի ներսում գտնվող ազգային, էթնիկ, կրոնական փոքրամասնությունների նկատմամբ, իսկ հարևանների նկատմամբ կիրառվելու է սահմանների ընդլայնման` Օսմանյան նախկին հզորության վերականգնման քաղաքականությունը` հենվելով թյուրքական աշխարհի ու սուննի աշխարհի վրա։ Կարծես թե վերադառնում ենք Աբդուլ Համիդի «զուլումի» դարաշրջանը։
Էրդողանի՝ նախագահ ընտրվելուց հետո Անկարան ավելի ագրեսիվ է լինելու հարևանների նկատմամբ։ Ռազմական ներուժի մեծացումը, տնտեսական նախագծերի` էներգետիկ-տրանսպորտային միջանցքի վերածումը, ինչպես նաև ազգայնականության ցուցանիշների աճը երկրի ներսում պետք է մեսիջ լինեն նաև ՀՀ-ի համար։ Անկարան ու Բաքուն փորձելու են «հայկական հարցը» կրկին լուծել ռազմական ճանապարհով` ղարաբաղյան ճակատում կամ այլ` նախիջևանյան, ճակատներ բացելով հայության դեմ։