«ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգության հիմնական սպառնալիքները» թեմայով Մոսկվա-Երևան-Աստանա-Բիշքեկ-Մինսկ տեսակամուրջի ժամանակ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը քանիցս ընդգծել է, որ Արցախը ՀԱՊԿ անդամ երկիր չէ, և կազմակերպությունը Ստեփանակերտին ռազմական օգնություն չի ցուցաբերի: Սիդորովն իր խոսքում հիշեցրել է, որ խորհրդային տարիներին Հայաստանն ու Ադրբեջանը հաշտ ու համերաշխ էին ապրում, հետևաբար այսօրվա հակամարտությունը կարելի է խաղաղ ճանապարհով լուծել։ ՀԱՊԿ ներկայացուցիչը հավելել է նաև, որ կազմակերպությունը Հայաստանի առջև պարտավորություններ ունի, ու եթե ՀՀ-ն արտաքին ագրեսիայի ենթարկվի, ապա կառույցը պարտավոր կլինի ռազմական և այլ աջակցություն ցուցաբերել։
Սիդորովի հայտարարությունը շաբլոն է և դրանում, ըստ էության, որևէ նոր կամ արտառոց միտք չկա: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ ռուսաստանցի գեներալների նմանօրինակ հաճախակի դարձած հայտարարությունները խիստ որոշակի հակահայկական բնույթ են ստանում:
ՀԱՊԿ-ն Արցախի հանդեպ իրավական պարտավորություններ չունի, սակայն եթե այդ փաստն անընդհատ շեշտադրվում է Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարումներն արդարացնելու ֆոնին, դա ընկալվում է պատերազմի ուղղակի քարտ-բլանշ Բաքվին, ընդ որում` ՀՀ ֆորմալ դաշնակիցների կողմից:
Իրականում կան զենքեր, որ Ադրբեջանը կարող է և գնում է բացառապես Մոսկվայից և այս առումով` Ռուսաստանն անգնահատելի գործընկեր է Ադրբեջանի համար: Մյուս կողմից` արտառոց է, որ Ռուսաստանը սպառազինում է իր դաշնակցի հակառակորդին` ըստ էության, հեղինակազրկելով ՀԱՊԿ-ն: Նման բան, օրինակ, անկարելի է պատկերացնել ՆԱՏՕ-ում:
ՀԱՊԿ-ը քաղաքական, իրավական պարտավորություններ ունի Հայաստանի հանդեպ և պարտավոր էր համարժեք ու օպերատիվ արձագանքել Երևանը գրավելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, մինչդեռ գեներալ Սիդորովն ընդամենը նշել է, որ պետք է հույս ունենալ, թե կան կազմակերպություններ, մարմիններ, որոնք թույլ չեն տա, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն այնքան լարվեն, որ «միմյանցից մայրաքաղաքներ խլեն»: Չեզոք, ոչինչ չասող մի հայտարարություն, որի նույնիսկ տողատակում ակնարկ անգամ չկա դաշնակից Հայաստանին պաշտպանելու պատրաստակամության մասին: Այս պարագայում ակնհայտ է, որ ՀԱՊԿ դիրքորոշումներն ավելի շատ ոչ թե փարատում են Հայաստանի մտահոգությունները, այլ քաջալերում են Ադրբեջանի ռազմատենչությունը:
Հ.գ. Ադրբեջանին զենքի մատակարարումները լարվածություն են առաջացնում տարածաշրջանում։ Մոսկվան դրանով գուցե ցանկանում է Բաքվին իր հետ կապել, բայց չի ստացվում, իսկ տարածաշրջանում ստեղծվում է պայթյունավտանգ իրավիճակ: