Ադրբեջանական ներդրումները Վրաստանում գնահատվում են 3 միլիարդ դոլար։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը։
Նրա խոսքով՝ ադրբեջանա-վրացական ապրանքաշրջանառությունը 2017թ.-ին ավելացել է 17%-ով։
Ըստ նրա՝ Վրաստանում այս պահին գործում է ադրբեջանական կապիտալով 1300 ձեռնարկություն, իսկ Ադրբեջանում`ավելի քան 300 վրացական ընկերություն։
Վրաստանն իր Ազգային անվտանգության ռազմավարությունում Թուրքիան ու Ադրբեջանը դիտարկում է որպես ռազմավարական գործընկերներ, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը նաև ՎՈՒԱՄ անդամ են: Արտաքին և տարածաշրջանային քաղաքականության առումով երեք երկրները գործում են միասնական ուղենիշներով՝ ՌԴ-ն շրջանցող էներգետիկ-տրանսպորտային միջանցքի ստեղծման, Մոսկվայի հարավկովկասյան գլխավոր դաշնակից ՀՀ-ի մեկուսացման համար:
Թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցության մասին Վրաստանի վրա շատ է խոսվում, սակայն Հայաստանը պետք է այդ եռյակից փորձի դեպի իր կողմ քաշել Վրաստանին: Պաշտոնական Երևանը Վրաստանի հետ իրականացնում է «Հյուսիս-Հարավ» նախագիծը, Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ միջանցքի աշխատանքներն ընթանում են էլեկտրաէներգիայի տարանցման առումով, ակտիվացել են խոսակցությունները նաև Իրանից ՀՀ-ով դեպի Վրաստան գազի տարանցման մասին: Ինչ վերաբերում է Վրաստանի հայ համայնքին, ապա Հայաստանը պետք է ավելի մեծ աջակցություն հայտնի վիրահայությանը, քանի որ այդ երկրում նրանք ՀՀ-ի բնական դաշնակիցներ են:
Ադրբեջանն ակտիվորեն օգտագործում է տեղի կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնքը․ գործում է «Վրաստանի ադրբեջանցիների կոնգրեսը», այլ ՀԿ-ներ, ինչպես նաև «SOCAR»-ի ֆինանսավորմամբ հիմնականում ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիում իրականացվում են բազմաթիվ սոցիալական, ենթակառուցվածքային և այլ նախագծեր:
Հայաստանի համար կենսական նշանակության «կյանքի ճանապարն» անցնում է Վրաստանի հենց ադրբեջանաբնակ շրջաններով, պատերազմի դեպքում՝ հայ-ադրբեջանական․ Ղարաբաղում տեղի ադրբեջանցիները կարող են Բաքվի դրդմամբ փորձել կտրել այդ ճանապարհը կամ դրանով անցնելը դարձնեն վտանգավոր:
Թուրք-ադրբեջանական ներդրումները վրացական տնտեսության մեջ նաև քաղաքական լծակներ, ազդեցություն ստեղծելու նախապայման են։ Ադրբեջանական ներդրումները տրանսպորտային՝ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի վրացական հատվածը կառուցվել է ադրբեջանական վարկով, էներգետիկ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, «TANAP» և այլ նախագծեր, Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ կամրջի նախագծերը հանգեցնում ու հարստացնում են Թբիլիսի-Բաքու, Բաքու-Թբիլիսի-Անկարա հարաբերությունների օրակարգը:
Վրաստանում բնակվում է կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնքը, որը Բաքվի կողմից ազդեցության՝ այս անգամ դեմոգրաֆիկ ազդեցության լծակ է: Ադրբեջանական իշխանությունները ներդրումներ են կատարում ադրբեջանաբնակ շրջաններում՝ Քվեմո-Քարթլի և այլն, որպեսզի տեղի ադրբեջանցիները չարտագաղթեն, բնակվեն Վրաստանում, հետադարձ կապ պահպանեն Ադրբեջանի հետ․ կառուցվում են մզկիթներ, որպեսզի այդ բնակչության մեջ պահպանվի թյուրքական, իսլամական գաղափարախոսությունը, որն անհրաժեշտ պահին օգտագործվելու է ինչպես տեղի հայերի դեմ (Քվեմո-Քարթլիում նաև հայաբնակ գյուղեր կան), այնպես էլ ՀՀ-ի դեմ (ադրբեջանաբնակ շրջանները սահմանակից են ՀՀ Լոռու ու Տավուշի մարզերին):
Վրաստանի բնակչությունը ծերանում է. վրացիների մոտ ժողովրդագրական ճգնաժամ է, որը շուտով աղետի է վերածվելու:
Թուրք-ադրբեջանական տանդեմն օգտագործում է արտագաղթը Ջավախքից՝ այնտեղ թուրք-մեսխեթցիներ, մահմեդական աջարացիների, շինարարների անվան տակ ադրբեջանցիներ ու թուրքեր բնակեցնելով, ինչի հետևանքով ՀՀ-ի հյուսիսային սահմանների երկայնքով՝ Աջարիայից, դեմոգրաֆիկ դեմքի փոփոխությունից հետո Ջավախքով մինչև ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլի ձգվելու է թյուրքական-մահմեդական առանցքը, այսինքն՝ ՀՀ-ի հյուսիսային՝ դե-յուրե, հայ-վրացական սահմանը՝ դե-ֆակտո վերածվելու է հայ-ադրբեջանա-թուրքական սահմանի: Վրաստանի իշխանությունները դրան ոչնչով չեն կարող հակազդել, այդ թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ներդրումների պատճառով Թբիլիսին ընկնելու է մեծ կախվածության մեջ այդ երկու պետություններից ու սկսի գործել նրանց ուղեծրի, արտաքին քաղաքական ուղենիշների ներքո: