Նոյեմբերյանի քաղաքապետը հաստատ ինձանից չի նեղանա, եթե պատմեմ նրա անվան շուրջ հյուսված մի պատմություն, որը ուղղակիորեն կապված է այսօրվա ասելիքիս հետ...
ՏԻՄ ընտրությունների, մասնավորապես Նոյեմբերյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածու Վանուշ Ամիրաղյանի կողմնակիցներից մեկը կանգառում կանգնած մի մարդու նստեցնում է իր մեքենան (Նոյեմբերյանում այդպիսի ավանդույթ կա, եթե մեքենայում տեղ կա՝ հաճախ վարորդները անվճար ծառայում են մարդկանց) և խոսք է գցում ընտրությունների մասին, գովում է Ամիրաղյանի կազմակերպչական ունակությունները և մարդկային հատկանիշները: Զրուցակիցը Ամիրաղյանի կողմնակիցի թվարկումներին ի պատասխան, անընդհատ պատասխանում է. «Բան չունեմ ասելու, Վանուշը լավ քաղաքապետ ա, բայց...»: Այդ «բայց»-ի վրա քաղաքապետի կողմնակիցը նորանոր փաստեր է նշում՝ ի օգուտ քաղաքապետի, վերջ ի վերջո ուղևորը մի կերպ նրան ընդհատում է և ասում.
- Ախպեր, բան չունեմ ասելու, Վանուշը լավ քաղաքապետ ա, ընտիր տղա ա, բայց ես Կողբ գյուղի բնակիչ եմ...
Հիմի ասելիքս ինչ ա, ձեր ցավը տանեմ, հերիք ա ինձ քարոզչանյութեր ուղարկեք, անձնական կապերի միջոցով ռմբահարեք, օրը 100 անգամ զանգեք, ձեր բոլորիդ թեկնածուները հրաշալի են, ցնցող ու ֆենոմենալ ծրագրեր ունեն, բայց ես Նոյեմբերյանի բնակիչ եմ, վաղուց եմ քաղաքապետ ընտրել և իմ քվեի միջոցով ավելի լավ Երևան կառուցելու կամ հանցավոր ռեժիմից ազատվելու գործում ձեզ ոչնչով օգնել չեմ կարող...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել