Գաղտնիք չէ, որ պատերազմները երբեմն նպաստում են պետությունների կայացմանը: Օրինակներ շատ կան, բայց ամենատիպականը, թերևս, Իսրայելի (երբ պատերազմները կայացրեցին նրան որպես պետություն) և Ադրբեջանի (երբ պատերազմը նպաստեց նույնիսկ ազգ-էթնոսի ձևավորմանը) օրինակներն են: Իսկ Հայաստանը, որ ամբողջ պատմությունն անցավ պատերազմների մեջ, այդպես էլ չսովորեց պետականության նրբությունները:
Ադրբեջանը, որ հորինվեց կիսով չափ հայկական հողերի վրա (Փայտակարան, Ուտիք, Նախիջևան), հետագայում շարունակեց ընդլայնվել մեր տարածքների հաշվին (Արցախ), դեռ հիմա էլ շարունակում է տարածքային հավակնություններ ցուցաբերել (Երևան, Զանգեզուր, Սևան): Բարեբախտաբար, հաջողվեց Արցախի գոնե մի մասը հետ բերել: Այո, հենց մի մասը, քանի որ 1921 թ. Արցախը Ստալինի հայտնի ապօրինի որոշմամբ բռնակցվեց Ադրբեջանին (խոսքը վերաբերում էր ամբողջ Արցախին` լեռնային ու դաշտային, այլ ոչ թե հետագայում դրա մի մասի վրա ձևավորված ԼՂԻՄ-ին), այսինքն՝ այն տարածքները, որն անվանում ենք ազատագրված կամ, դիվանագիտորեն, անվտանգության գոտի, իրականում այն ժամանակ բռնակցված Արցախի անքակտելի մասն են կազմում: Ու քանի որ մենք լռել ենք այնքան, որ մեր տարածքների վրա նորաստեղծ պետությունը հավակնում է մեր այլ տարածքներին, ապա վերջինիս պահվածքը շատ բնական է:
Բիհևիորիստական (վարքաբանական) տեսության առումով էլ պատկերը շատ հասկանալի է: Ադրբեջանի իշխող էլիտան ագրեսիվ է, ունի նաև ռևանշիստական հոգեբանություն, բնական է, որ մաքսիմալիզմը լինելու է առաջնային կատեգորիա: Իսկ այն դրսևորելու համար բավական է հակառակորդ պետության գործունեությունը/անգործությունը, որն էլ առաջացնում է համապատասխան ռեակցիա: Պետք է հստակ սահմանել, որ Ադրբեջանի էլիտայի նման մաքսիմալիզմը քաղաքական վարքի խնդիր է, այսինքն` ռեակցիա հայկական կողմից եկող համապատասխան ազդակներին: Որքան մենք սեղմվում ենք բանակցային առարկայի շուրջ, այնքան մեծանում են ադրբեջանական պահանջները:
Այս առումով Ադրբեջանը հետևողականորեն կիրառում է բանակցային տեսության մեջ հայտնի տակտիկական երեք մոտեցում.
ա) «պահանջների մեծացում», որի նպատակն է առավելագույն, նույնիսկ աբսուրդային պահանջներով հասնել նվազագույն նպատակին` «զիջելով» իր համար ոչ էական դրույթները, որը հենց ինքն էլ առաջ է քաշել,
բ) «հակառակորդի նկատմամբ սպառնալիք ու ճնշում», որի նպատակն է հետևանքների մասին զգուշացնելով, ուժի ցուցադրմամբ, բլոկադայի ենթարկելու հղմամբ զիջումներ կորզել,
գ) «անընդունելի դրույթների առաջ քաշում», եթե հակառակորդը մերժում է, հնարավորություն է բացվում նրան մեղադրելու բանակցությունները տապալելու մեջ: Նպատակն է՝ հասնել նրան, որ հակառակորդն այդ պահանջները հանելու դիմաց որևէ զիջում անի, և հենց որևէ զիջում արվում է, անմիջապես նոր պահանջ է առաջ քաշվում:
Բաքվի տակտիկան լիովին համահունչ է տվյալ դասական պատկերին, իսկ երբ Երևանը կառուցողականություն է խաղում, նրա դիրքորոշումն ավելի է կոշտանում: Պետք է հասկանալ, որ կառուցողականություն խաղալն այլևս չի աշխատում, հրատապ է դարձել բանակցային տակտիկան փոխելը: Մենք չգնացինք Ադրբեջանին բռնակցված մեր տարածքների պատմա-իրավական կողմը քննարկելու ճանապարհով, այլապես նա չէր փորձի այդքան վստահ հիմնվել օկուպացիա եզրույթի վրա և որևէ միլիմետր չշեղվել դրանից: Նա իրեն բավական լավ է զգում այդ տիրույթում: Ավելին՝ մեր փոխարեն Ադրբեջանը նախաձեռնեց տարածքների պատմաիրավական ասպեկտները քննարկելու գործը` «պատմական մեծ Ադրբեջանի» մասին միֆեր հորինելով: Իսկ քանի որ չկա հակադարձում, որ օկուպացիան հենց իր կողմից է եղել՝ բերելով դրա իրավական բոլոր հիմնավորումները, ավելին` նույնիսկ անուղղակի կամ ակամա ընդունելով դա, ապա, հասկանալի է, որ «օկուպացիա» եզրույթը հարևան երկրի իշխանության համար լավագույն կռվանն է և այնքան հուսալի է թվում, որ հնարավորություն է բացում այլ պահանջներ ու թեմաներ ասպարեզ նետելու:
Նախիջևանի և բռնակցված մեր այլ տարածքների մասին անընդհատ բարձրաձայնելով` կկարողանայինք տրանսֆորմացնել առկա դիսկուրսը, բանավեճը, ինֆոպատերազմը, բանակցությունը, միևնույն ժամանակ, սահմանափակել Բաքվի հնարավորություններն ու հաղթաթղթի կիրառելիությունը: