Մյունխենյան անվտանգության գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի ուղերձ հղեց միջազգային հանրությանը։ Նախագահը նշեց, որ ԼՂՀ հիմնահարցի խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է, որ Եվրոպան ավելի լուրջ վերաբերվի Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններին։ Ինչպես գիտեք, մի քանի օր առաջ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանի երիտասարդները պետք է իրենց մտքում ունենան այն գաղափարը, որ Երևանն իրենց պատմական հայրենիքն է, ու վերադարձի մասին մտածեն։ Քիչ անց, իհարկե, այդ տեղեկատվությունը մեկնաբանեցին Ադրբեջանի ԱԳՆ-ից, քանի որ Ռուսաստանի արտգործնախարարությունից նշել էին, որ նման հայտարարությունները չեն նպաստում կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը։ Ինչևէ, դրա մասին չենք խոսում։ ՀՀ նախագահը հստակ նշեց, որ նման հայտարարությունները պետք է արժանանան համընդհանուր քննադատության, որովհետև աչք փակելու դեպքում նրանք կարող են և իրականություն դառնալ։ Սա չի նշանակում, որ Ադրբեջանի այս առավելապաշտական մոտեցումների վերաբերյալ Հայաստանը վախեր ունի։ Ամենևին ոչ։ Սակայն կոնֆլիկտի կողմերից մեկը, եթե մյուսի հետ փորձում է խոսել ուժի տեսանկյունից, ապա հակառակ կողմը, բնական է, պետք է արձագանք տա։ Տվյալ դեպքում բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ 21-րդ դարում ժողովրդավարությունը, ժողովուրդների կամքը հաշվի առնելը մղվել են երկրորդ պլան, իսկ Հայաստանի դեպքում, ունենալով Ադրբեջանի նման անկանխատեսելի հակառակորդ, Հայաստանը պետք է անպայման ապավինի միայն ու միայն սեփական ռեսուրսներին։ Եվրոպան իրականում շարունակելու է աչք փակել Ադրբեջանի հայտարարությունների վրա։ Ոչ միայն Եվրոպան, այլ ամբողջ աշխարհը։ Ոչ ոք ապրիլյան իրադարձություններն այդպես էլ չդատապարտեց, առարկայական դիտողություններ չարվեցին Ադրբեջանին, երբ նրանց զինվորներն Արցախում ծեր մարդկանց դաժանաբար խոշտանգում էին։ Եվ նման պարագայում Հայաստանի նախագահի ելույթը ավելի շատ ոչ թե Եվրոպայից հասցեական դիտողություն ակնկալելն էր, ավելի շուտ՝ զգուշացումը, որ եթե Ադրբեջանը նորից գնա արկածախնդրության, այս անգամ Հայաստանը՝ որպես ԼՂՀ անվտանգության երաշխավոր, ստիպված կլինի իր անվտանգության գոտին մեծացնել լրացուցիչ տարածքներով, քանի որ այլ կերպ խաղաղություն պարտադրել Ադրբեջանին չի հաջողվում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: