Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը կպաշտպանվի «ցանկացած հարձակումից» Սիրիայում տասնամյակների ընթացքում իր ամենախոշոր գործողությունը սկսելուց հետո:
Իսրայելը հարձակումներ է սկսել իրանական թիրախների նկատմամբ այն բանից հետո, երբ հայտարարել է, որ իրանական անօդաչու է որսացել իր տարածքում:
«Իրանն անպատկառ ձևով խախտել է Իսրայելի ինքնիշխանությունը: Նրանք Սիրիայի տարածքից իրանական անօդաչու են ուղարկել Իսրայել… Իսրայելն Իրանին և իր սիրիական հյուրընկալներին պատասխանատվության է կանչում»,- ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
Իսրայելի զինված ուժերը հայտարարել է, որ իր ուղղաթիռներից մեկն իրանական անօդաչու է ոչնչացրել, որն Իսրայելի տարածք էր մտել շաբաթ: Իրանը հերքել է մեղադրանքները: Իսրայելն այնուհետև հայտարարել է, որ գործողություն է իրականացրել Սիրիայում՝ հարվածելով սիրիական և իրանական թիրախներին, ինչի ընթացքում կործանվել է իր F-16 կործանիչը:
Սիրիային սպառնում է նոր proxy war․ Իրան-Իսրայել բախումը կարող է տեղափոխվել այդ բազմաչարչար երկրի տարածք։
Իսրայելը բազմաթիվ անգամ օդային հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին` Հզբոլահի ուժերին և նրանց համար առաքվող զենքերի քարավաններին։ Իսրայելի ռազմա-քաղաքական ղեկավարությունը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ իրենց թույլ չեն տա Իսրայելի սահմանների երկայնքով Սիրիայում իրանական ռազմաբազաների ստեղծում։ Հաշվի առնելով ընդհանուր մթնոլորտն` Իրան-Արևմուտք, Իրան-Սաուդյան Արաբիա, Իրան-Իսրայել հարաբերությունների սրությունը՝ Թել Ավիվը վճռական է տրամադրված` հարվածել այն ռազմական ենթակառուցվածքներին, որոնք կարող են սպառնալ հրեական պետության ազգային անվտանգությանը։
Իսրայելի հարվածն իրանական ուժերին կարող է саsus belli դառնալ` ուղիղ ռազմական բախման հանգեցնելով Սիրիայի և, հնարավոր է, նաև Լիբանանի տարածքում։ Սիրիան կարող է նմանվել Եմենին, որտեղ Իրան-Սաուդյան Արաբիա ռազմական բախումները տեղի են ունենում իրանամետ հոուսիտների և Էր Ռիյադի ղեկավարած արաբական կոալիցիայի միջև։
Իրան-Իսրայել ռազմական բախումը Սիրիայում էլ ավելի կսրի իրավիճակը Մերձավոր Արևելքում․ ԻՊ-ի դեռևս կանգուն բջիջները կարող են օգտվել այդ բախումից և հակագրոհի անցել։ Բացի այդ՝ Ասադի ուժերը կօգնեն դաշնակից Իրանին, իսկ դա նշանակում է՝ «թույլ օղակներ» կառաջանան սիրիական ռազմական թատերաբեմի տարբեր հատվածներում․ դրանից կարող են օգտվել թե՛ քրդերը, թե՛ թուրքամետ ուժերը Իդլիբում և այլն։
ՌԴ-ն այդ պարագայում կհայտնվի բավականին բարդ իրավիճակում․ Իրանի հետ Մոսկվան իրականացնում է բազմաթիվ տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ծրագրեր, իսկ Իսրայելի հետ էլ այս պահին ՌԴ ունի բարձր մակարդակի հարաբերություններ, ՌԴ-ում առկա է ուժեղ հրեական լոբբին` տնտեսական, քաղաքական, ուժային։
Իսրայել-Իրան ռազմական բախումը կընդգրկի նաև Լիբանանը․ Հզբոլահը հարվածելու է Իսրայելի հյուսիսին, իսրայելական ուժերն էլ նախկինի պես մտնեն Լիբանանի տարածք` ստեղծելով «բուֆերային գոտի», ինչը կարող է Լիբանանում նոր սուննի-շիա բախումների, քաղաքացիական պատերազմի պատճառ դառնալ, ինչն էլ կանդադառնա տեղի հայ համայքնի վրա` բերելով լիբանանահայության գաղթին դեպի Արևմուտք ու մի մասով, հնարավոր է, նաև ՀՀ։