PanARMENIAN.Net-ը գրում է.

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի կոչը մահմեդականներին՝ միավորվել Արցախի հարցի լուծման համար, ոչ այլ ինչ է, քան՝ Արցախի խնդրին կրոնական երանգ հաղորդելու անթույլատրելի փորձ: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա շեշտել է, որ Արցախյան հիմնահարցին կրոնական երանգ տալու Ադրբեջանի հոգևոր ու աշխարհիկ ղեկավարության բոլոր ջանքերը դատապարտված են անհաջողության՝ նշելով, որ Իրանի ու այլ երկրների հավասարակշռված մոտեցումը խոսում է այդ կարևորագույն փաստի մասին, հայտնում է Aysor.am-ը:

«Սա ձախողված փորձ է, որովհետև Արցախյան հիմնահարցը կրոնական երանգ չունի, Արցախյան հիմնահարցում կրոնական երանգ փնտրելն անբարոյականություն է: Դրա վառ ապացույցն Իրանի Իսլամական Հանրապետության հավասարակշռված դիրոքորոոշումն է Արցախյան հիմնահարցում», - ասել է նա:

Նա հավելել է, որ Արցախի ժողովրդի պայքարը բացառապես մարդու իրավունքների պաշտպանության պայքար է: «Դա պայքար է ազատության, անկախության, որը ուշ թե շուտ պսակվելու է հաջողությամբ: Արցախի երկնակամարում պետք է ծածանվի եռագույնը, ուզեն Ադրբեջանում, թե չուզեն, դա է ցույց տալիս պատմությունը»,-ասել ՀՀԿ խոսնակը:

Ստամբուլում տեղի ունեցած «Երուսաղեմ. Աստծո լույսով լուսավորված քաղաք» միջազգային համաժողովում Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն կոչ է արել բոլոր մահմեդականներին միավորվել արցախյան հիմնախնդրի լուծման համար: «Մենք կոչ ենք անում ամբողջ մահմեդական աշխարհին միավորվել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շուրջ», - ասել էր Փաշազադեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել