Շատ հուզվեցի, երբ երեկ նամակ ստացա անձամբ Տարոն Մարգարյանից՝ իր ստորագրությամբ...
Հարկ եմ համարում պատասխանել այդ նամակին...
Հարգելի Տարոն Մարգարյան,
Համաձայն եմ Ձեր այն կարծիքի հետ, որ նախ պետք է հաղթահարենք մարդկային ջերմության և սրտացավ վերաբերմունքի ճգնաժամը մեր մեջ, և որ բուն բնակչի ամենօրյա, անմիջական հոգսերը թեթևացնելու, ապրելու միջավայրը բարելավելու, սոցիալ-կենցաղային կոնկրետ խնդիրները լուծելու առումով վիճակը, մեղմ ասած, դեռևս հեռու է բավարար լինելուց:
Պարոն Մարգարյան, ո՞րն է պատճառը, որ բակային բարեկարգումները սկսում են իրականացվել հենց ընտրություններից առաջ: Չէ՞ որ դա քաղաքապետարանի ամենամյա պարտավորություններից մեկն է, և Երևանի բնակիչները այդ ամենի համար հարկ են վճարում համատիրություն կոչվածներին:
Պետք է նշեմ, որ Երևանում կատարվել են կանաչապատման աշխատանքներ, նստարանների տեղադրում: Բավարար է դա, թե ոչ, թող ամեն մարդ իր համար որոշի: Բայց նաև պետք է նշել, որ այսօր Երևանում չկա մի տեղ, որը կխոսի քաղաքի երեք հազարամյակի պատմության ու ավանդույթների մասին, ինչպես օրինակ՝ Կոլիզեյը Հռոմում կամ Բիգ Բենը Լոնդոնում:
Ինչպե՞ս եք պատրաստվում լուծել Երևանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական անթիվ խնդիրները: Ես՝ որպես երևանցի, որպես ընտրող, պետք է մանրամասն իմանամ, թե կոնկրետ ինչ եք անելու, քանի որ վաղուց դադարել եմ թղթի վրա գրված խոստումների հավատալ: 
Նաև կցանկանայի ամենայն մանրամասնությամբ տեղեկանալ, թե ինչպես են ծախսվել վերջին 3 տարիների՝ երևանցիների վճարած հարկերը: Կարծում եմ՝ դրա իրավունքն ունեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել