Հայաստանի գրականության և արվեստի թանգարանի մշակութային հազվագյուտ նմուշներից է Խաչատուր Աբովյանի 20.5x27.5 սմ չափսի յուղաներկ դիմանկարը, որը թանգարան են բերել Աբովյանի թոռները 1938 թվականին: Իր գոյության առաջին 50 տարվա ընթացքում նկարը մեծ փորձությունների է ենթարկվել: Աբովյանի անհետացումից հետո նախ կորել է: Աբովյանի որդին՝ Վարդանը, Կովկաս վերադառնալով և երկար որոնումներից հետո այն գտել է անխնամ վիճակում, մաշված, տեղ-տեղ ներկը թափված: Նրա խնդրանքով նկարը վերականգնել է նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը, կտրատել է մաշված եզրերը, կպցրել ամուր թղթի վրա, բաց տեղերը լրացրել համապատասխան ներկերով: Այդ նկարն է ձվաձև շրջանակի մեջ զետեղվել դասագրքերում և գրողի երկերում: 
Ե՞րբ է ստեղծվել նկարը, ո՞վ է հեղինակը: Այս հարցերին վերջապես ստույգ պատասխան է տվել Աբովյանի կյանքի և ստեղծագործության հետազոտող Պիոն Հակոբյանը:

Նկարի հեղինակն է դորպատյան նկարիչ Լյուդվիգ Ֆոն Մայդելը: Նա Աբովյանին նկարել է մոտավորապես 1830 թվականի աշնանը, երբ Աբովյանը նոր էր ժամանել Դորպատ և 20-21 տարեկան էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել