ՀՀ նոր Սահմանադրության համաձայն՝ ՀՀ նոր կառավարության նիստերն անցնելու են դռնփակ։ Ըստ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի՝ դա արվում է բացառապես կառավարության աշխատանքն ավելի արդյունավետ ու անկաշկանդ դարձնելու համար, քանի որ, ինչպես նշեց պարոն նախարարը, երրորդ անձի ներկայությունը կարող է կաշկանդել կառավարության աշխատանքը, մասնավորապես՝ ավելի անկաշկանդ բանավեճ ու քննադատական գորճելաոճ որդեգրելու առումով։ Որպես օրինակ Հարությունյանը մեջբերեց միջազգային փորձն ու նշեց, որ զարգացած երկրներում կառավարության աշխատանքները դռնփակ են։ Հայաստանն այդ առումով բացառություն է։
Նախ՝ նշենք նաև, որ Հայաստանում ամենամիամիտ մարդու մտքով նույնիսկ չի անցնում, որ հենց այդ թափանցիկություն շնորհիվ է, որ մեր կառավարությունը լավ չի աշխատում։ Այ, եթե դա չլիներ, ավելի իդեալական կլիներ ամեն ինչ, որովհետև կառավարության նիստերը չեն սահմանափակվում միայն հինգշաբթի օրերին տեղի ունեցող նիստերով, ու դրանք ավելի շատ սիմվոլիկ բնույթ կրող նիստեր են։ Կարելի է այլ ձևաչափերում հարցեր կարգավորել, եթե քնանդատելու բաներ կան, դրանք արվեն ու համապատասխան կարգի բերվեն մինչ կառավարության նիստի մեկնարկելը։ Իրականում այս պրոցեսները միտված են հասարակությանը կտրելու քաղաքական իրադարձություններին անմիջականորեն հետևելու գործընթացից։ Նախորդ նիստերի ժամանակ անզեն աչքով երևում էր, որ, օրինակ, գործող վարչապետը շատ լուրջ տարաձայնություններ ունի ՀՅԴ խմբակցության հետ, իսկ նիստերը դռնփակ անելով վարչապետը կարող է հանգիստ իր անհանգստությունը կամ վրդովմունքը հայտնել պատգամավորներին, որովհետև հետո կառավարության այս կամ այն անդամը կարիք չի ունենա լրագրողների մոտ արդարանալու, թե դրանք ընդամենն աշխատանքային քննարկումներ են։ Չենք զարմանա, որ հատուկ այդ կետի վերաբերյալ այդ առաջարկությունը ներկայացրած լինի հենց վարչապետը։ Բայց, ինչպես ասում են, եթե միայն սա է խանգարում կառավարության արդյունավետ աշխատանքին, ապա խնդրեմ, պարոնայք, առաջ դեպի դռնփակ նիստեր։