Երեկ ԱԺ-ում կազմակերպված «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների քննարկումներ, որին մասնակցում էին տարբեր հասարակական և քաղաքական ուժերի ու կառույցների ներկայացուցիչներ: Ներկա էին նաև ոլորտային պատասխանատուներ և նախարարներ, ովքեր երկար ու ձանձրալի ճառերով թմրեցնում էին ունկնդրի ականջը, քանզի ասելիք, ըստ էության, չունեին:
Գնաճի հետ կապված քննարկումը հետաքրքիր էր մեկ այլ առումով. այն ցույց տվեց, որ իշխանությունը ոչ միայն որևէ վտանգ չի տեսնում այդ գնաճի մեջ, այլ՝ ընդհակառակը, այն համարում է բարեբախտություն: Նիստ վարող Խոսրով Հարությունյանը հայտարարեց, որ գնաճին չպետք է վերաբերվել որպես չարիքի, ավելին՝ այն բարիք է, քանի որ նպաստում է տնտեսության զարգացմանը: Իսկ մի՞թե բարիքը շատ է լինում, ընդհակառակը, իշխանությունը խրախուսում է գնաճը, քանի որ դրա միջոցով հնարավոր է տնտեսական աճի իմիտացիա ստեղծել, և ամենակարևորը՝ ավելի շատ հարկեր հավաքել (Մելիքիչի հայտարարությունն ակամայից ինձ տեղափոխեց աֆրիկյան երկրներ, որտեղ ինֆլյացիան հասնում է մի քանի տասնյակ տոկոսների):
ՀՀ իշխանության ներկայացուցիչներն այնքան են կտրված իրական կյանքից և այն կյանքից, որով ապրում է Հայաստանի բնակչության մի զգալի հատվածը, որ նրանց համար ֆանտաստիկ է հնչում այն միտքը, որ երկրի քաղաքացիների մի զգալի մասը գիշերը պառկում է քնելու սոված կամ կիսաքաղց: Նրանք չեն կարող հասկանալ, որ իրենց գործողություններով իրենք ավելի են մեծացնում այդ մարդկանց քանակը:
Բոլորը համաձայն էին այն թեզի հետ, որ գնաճ կա, բայց դա իշխանությունների կողմից դիտարկվում է 2.6 տոկոսանոց և լուրջ ազդեցություն չի կարող ունենալ բնակչության սպառողական զամբյուղի վրա: Պատկան կառույցների կողմից հաշվարկը կատարվում է 450-ից ավելի ապրանքատեսակների շրջանակում մշտադիտարկում անցկացնելուց հետո, սակայն առաջին անհրաժեշտության 20-30 ապրանքատեսակների պարզ հաշվարկը կտրուկ փոխում է պատկերը`2.6 տոկոսանոց գնաճը դարձնելով երկնիշ: Սա ընդամենը դասական մանիպուլյացիա է, որով ոլորտային պատասխանատու այրերը մոլորեցնում են բնակչության զգալի հատվածին:
Հանրային լսում կոչվող այդ դեկորատիվ շոուի ժամանակ որոշ մարդիկ այն համարում էին շատ կարևոր և հանրության համար իրազեկման լուրջ միջոց, սակայն հնչած տարրական հարցադրումներն ուղղակի շրջանցվում էին, կամ նիստը նախագահողը հայտարարում էր սահմանափակ ժամանակի մասին:
Մի խոսքով՝ հերթական անգամ տեսանք լավ բեմադրված թատերական արարողություն, որը մատուցված էր սպիլբերգյան աստիճանի բարձրակարգ ռեժիսուրայով: