Մենք՝ հայերս, պատմական անցյալ հարգող ազգ ենք։ Հարգող, սակայն հաշվի չառնող, որովհետև շատ ժամանակ պետության ղեկավար ընտրելիս ոչ թե նրա քաղաքականությանն ենք հարմարվում, այլ նրան ենք հարմարեցնում մեր քաղաքականությանը, իսկ մեզ համար քաղաքականությունը, ցավոք, այդպես էլ ինքնագիտակցության բարձր մակարդակի չհասավ, այլ մնաց ենթագիտակցության մեջ, բավականին աղոտ ու թափթփված պատկերացումներով։ Առավել դավադրապաշտները մշտապես հանգում են այն տարբերակին, որ դրսից եկած կամ մեր գլխին կարգված ղեկավարները միտում ունեն ամեն կերպ վնաս հասցնելու Հայաստանին, չեն հետապնդում հայաստանյան շահը, այլ առաջնորդվում են դրսի ուժերի հրահանգներով։ Այս առումով թե՛ Կարեն Կարապետյանի ու թե՛ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ կարևորագույն պաշտոններում առաջադրվելը նույնպես զերծ չի մնում հանրային քննարկումներից։
Երբ Կարեն Կարապետյանը եկավ Հայաստան, բոլորը հիշեցին նրա արտառոց հրաժարականը Երևանի քաղաքապետի պաշտոնից, ավելին՝ հետ գալուն պես Կարապետյանն իրեն ապահովագրեց՝ նշելով, որ վարչապետի պաշտոնը համարում է վարչարարի պաշտոն, քաղաքական բառապաշարն էլ ընտրեց դրան համապատասխան՝ հնարավորինս խուսափելով ոչ ցանկալի հարցերին պատասխանելուց։ Ներիշխանական քննարկումներում նա մի մասի աչքում դիտարկվում է որպես մարդ, ով գտնվում է Սերժ Սարգսյանի անվերապահ հսկողության ներքո, հետևաբար պակաս վտանգավոր, սակայն կան մարդիկ, որոնք գտնում են, որ Կարապետյանն ինչ-որ խորհրդապահական խողովակներով այս կամ այն ուժերի աջակցությամբ փորձում է քողարկված դուրս գալ Սարգսյանի ազդեցությունից։
Հիմա՝ Արմեն Սարգսյանի պարագայում։ Պատկերը կարծես թե նմանություն ունի։ Հայաստանի վարչապետ նշանակվելուց կարճ ժամանակ հետո (1996-ից մինչ 1997 սկիզբ) նա հրաժարական տվեց առողջական լուրջ խնդիրների պատճառով։ Շատերը, սակայն, այս հրաժարականի հետևում տեսնում են խիստ կարևոր ու առարկայական հակասություններ այն ժամանակվա Հայաստանի ամենաազդեցիկ դեմքերից մեկի՝ Վազգեն Սարգսյանի հետ։ Ասել է, թե՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի գալը դիտարկվել էր որպես միջամտություն Հայաստանի ներքին խնդիրներին, նա չի ընկալվել գործող համակարգի կողմից և այլն։ Սա, իհարկե, գուցե չի համապատասխանում իրականությանը, բայց այն, որ դրսի ազդեցությունը Հայաստանի ներսում առաջացնում է ակնհայտ դժգոհություն, մենք տեսնում ենք նաև պատմականորեն։
Այս երկու պերսոնաժին հակառակ պատկեր ունենք ուժային կառույցներում ու Հայաստանի փաստացի ղեկավար Սերժ Սարգսյանի պարագայում։ Վերջինս երկրի ամենակարևոր քաղաքական պաշտոններում նշանակում է արտաքին աշխարհի երկու կարևոր բևեռներին հակակշռող ու առաջին հայացքից իրար բավականին նման մարդկանց։ Արմեն Սարգսյանին ու Կարեն Կարապետյանին ոչ մի կերպ պոլիտիկոս չես անվանի, նրանք ապրիլի 9-ից հետո էլ կատարելու են վարչարարի ու դիվանագետի աշխատանքներ։ Երկրի քաղաքական գործընթացները ղեկավարելու է Սերժ Սարգսյանը, մասամբ էլ փորձելու է Վիգեն Սարգսյանը, ով, ի տարբերություն այս երկուսի, տիրապետում է ներքաղաքական անցուդարձին ու թեպետ առայժմ զերծ է մնում ներքաղաքական գործընթացներին խառնվելուց, սակայն դա ավելի շատ պայմանավորված է նրա ներկայիս պաշտոնով։ Բայց մի բան նույնպես ակնհայտ է, որ գործող համակարգը Վիգեն Սարգսյանին այսքան չի պատրաստել միայն ՊՆ նախարարի համար, հետևաբար ամենահետաքրքիր իրադարձությունները դեռևս առջևում են։