Այսօր նախատեսված է ԵԼՔ դաշինքի երթը՝ կապված թանկացումների հետ։ Շատ բան կախված է նաև նրանից, թե ինչքան մարդ կհավաքվի այսօր երթին, քանզի, ըստ ԵԼՔ-ի լիդերների, դրանից են կախված իրենց հետագա գործունեությունը, քայլերը։ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես պարտավորվել է մի քանի հազար մարդ փողոց դուրս գալու պարագայում իշխանափոխություն անել։ Թե ինչ մեթոդներով, դա արդեն Փաշինյանը գիտի ու չի մանրամասնել։ Միակ հիմնավորումը, որ հարկ է համարել տալ քաղաքական այս գործիչը, հետևյալն է՝ մի քանի հարյուր հազար մարդ դուրս գալու պարագայում անհնար է իշխանություն չփոխել։
Հարցն այն չէ, որ խորապես կասկածներ ունենք Փաշինյանի ասածների վերաբերյալ, հարցը նրա օգտագործած պոպուլիզմի հսկայական չափաբաժինն է, որը, ցավոք, առաջին հայացքից տեսանելի չէ։ Հայաստանում եղել են իրավիճակներ, երբ փողոցում իսկապես կրիտիկական զանգված է հավաքվել, սակայն իշխանափոխություն տեղի չի ունեցել, իսկ Փաշինյանը եղել է այդ քաղաքական գործընթացների գլխավոր դերակատարներից մեկը, սակայն ոչ գլխավորը։ Իհարկե կարելի է բարդել ամեն ինչ Լևոն Տեր-Պետրոսյանի, նրա անվճռականության վրա, սակայն գոյություն ունեն նաև հարցի քաղաքական կողմը, ներքին կոնյուկտուրան, հռետորաբանությունը և այլն։ Տեր-Պետրոսյանը, նախ, դեռ մեծ քաղաքականություն վերադառնալուց առաջ էլ հայտարարում էր, որ, օրինակ, ուժով իշխանություն չի վերցնելու ու ոչ էլ փորձ է անելու։ Այդպես էլ արեց, նույնիսկ սեփական հեղինակության ու քաղաքական կշռի կորստի հաշվին։
Ներքաղաքական պայքարը շատ հաճախ կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների նույնիսկ կայուն քաղաքական համակարգեր ունեցող երկրների համար, էլ ինչ մնաց Հայաստանի նման պրոբլեմատիկ երկրի համար։ Այդ իրադարձություններից անցել է շուրջ տասը տարի, սակայն հարցերը չեն լուծվել, հետևապես եթե գործող իշխանության հետ Տեր-Պետրոսյանն օրգանապես կոնֆրոնտացիայի չգնաց, ուրեմն՝ իսկապես գոյություն ունի Ռուբիկոն, որից այն կողմ չպետք է անցնել։ Սա, ի դեպ, հրաշալի հասկանում է նաև Նիկոլ Փաշինյանը, ով խորհրդարանական աշխատանքների արդեն զգալի փորձ ունի ու գործուղումների ընթացքում Հայաստանի շահը ներկայացնելիս սա շատ լավ հասկանում է։ Հետևաբար ինչո՞ւ է նա փողոցով սպառնում իշխանություններին։ Կարծում ենք՝ այս պարագայում նա շատ հստակ գիտակցում է, որ նախ՝ Հայաստանում այսօր մի քանի հարյուր հազար մարդ պարզապես փողոց դուրս չի գա, դա այս պահին անհնար է։ Երկրորդ՝ դա քաղաքական դաշտի ընդդիմադիր սեգմենտը զբաղեցնող քաղաքական գործչի համար հրաշալի ալիբի է։