Կարելի է ասել, որ Հայաստանի քաղաքական կյանքում հասունանում է ամենակարևոր ժամանակաշրջանը․ մոտենում է ապրիլ ամիսը, և պետք է որոշվեն Հայաստանի ապագա կառավարման դերակատարները։ Ոչ թե համակարգը, այլ հենց կառավարիչները՝ կոնկրետ անուններով ու պաշտոններով, քանի որ այլ հետաքրքրություններ հասարակությունն այսօր չունի։ Ավելի ճիշտ ունի, սակայն չունի իմունիտետ ու գործիքներ հաջողության հասնելու համար։ Այս հարցի պատասխանն իշխանությունները պիտի տային դեռ մինչև Նոր տարի, սակայն եթե ձգձգվում է, ուրեմն՝ կարելի է վստահ ասել, որ մինչև ապրլի 9-ը կպահպանվի հետաքրքրությունը։ Քաղաքական ուժերը սովորաբար ինտրիգ պահելու ու հետաքրքրությունը մեծացնելու համար քաղաքական որևէ գործընթացի նկատմամբ ինչ-որ մի բան գաղտնի են թողնում ու չեն բացում խաղաքարտերը։ Գիտեն, բայց չեն անում ու դրանով արհեստական հետաքրքրություն են ստեղծում իրավիճակի շուրջ։ Սակայն հավատացեք, սա այն դեպքը չէ, երբ Հայաստանի իշխանություններն ու կոնկրետ իշխող կուսակցությունը դա անում են հետաքրքրություն առաջացնելու համար։ Նրանք իսկապես չգիտեն, թե ինչ է իրենց սպասվում։ Չգիտեն՝ ինչ է սպասվում նույնիսկ նրանք, ովքեր ի վերջո որոշելու են, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը, ով՝ նախագահի և այլ պաշտոններ։ Եվ ահա այս իրավիճակը շատ է գրգռում հասարակությանը, մնացած քաղաքական ուժերին ու, առհասարակ, հանրությանը, որովհետև իշխանությունը հանրային բարեկեցության ու սոցիալական կյանքի ներդաշնակ ապահովման առաջին պատասխանատուն է, այն մշտապես պարտավոր է մարդկանց ներկայացնել տեսլական։ Ահա այդ տեսլականի բացակայությունն է, որ այսօր իշխանությանը զերծ է պահում կանխակալ խոսքից, հետևաբար նաև անձանց անուններ տալուց, թեպետ մարդիկ որոշակի պատկերացումներ ունեն, թե ի վերջո ում միջև է տեղի ունենալու ընտրությունը։ Եվ այս ամենից ելնելով՝ չի բացառվում, որ գտնվեն այնպիսիք, ովքեր հարցերի պատասխան ստանալու համար գնան ծայրահեղ քայլերի։ Դրանք այն լուծումները չեն իհարկե, որին ձգտել է Հայաստանը, բայց այլ ելքի բացակայությունը կարող է ծնել լուծումների տարբերակներ, որոնք, նախորդներից շատ ավելի վատը լինելով հանդերձ, ի վերջո գործի դրվեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: