«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխան, անկախ այլ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքից, իրավունք ունի ձեռք բերելու ՀՀ քաղաքացիություն` ծնողների գրավոր համաձայնությամբ:
Պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ ծնողներից մեկը (օտարերկյա կամ ՀՀ քաղաքացի), գտնվելով այլ պետությունում, տարիներ շարունակ չի տալիս իր համաձայնությունը կամ ծնողներից մեկի գտնվելու վայրը տարիներ շարունակ անհայտ է: Այս դեպքում խախտվում են երեխայի մի շարք իրավունքներ:
2018թ. հունվարի 6-ին ուժի մեջ են մտել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները:
Ըստ փոփոխություններից մեկի՝ ծնողների համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, և առկա է ծնողներից մեկի համաձայնությունը:
Այսինքն, եթե երեխայի ծնվելու պահին ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը օտարերկրյա պետության քաղաքացի, և բացակայում է նրանց համաձայնությունը երեխայի ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ, երեխան կարող է ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն և ՀՀ քաղաքացու անձնագիր, եթե բնակվում է ՀՀ-ում և դրա համար դիմում է նրա ծնողներից մեկը: Այս դեպքում նշանակություն չունի՝ որ ծնողն է դիմում՝ Հայաստանի Հանրապետությա՞ն, թե՞ օտարերկրյա պետության քաղաքացին: 
___________________________________________________
Անհրաժեշտ է ընդունել ի գիտություն՝ 
Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Այս դեպքում երեխայի անձնագրավորման համար անձնագրային ծառայություն դիմելիս մյուս ծնողի համաձայնությունը չի պահանջվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել