Ձմեռ պապի նախատիպերը բազմազան են` «տեղական» թզուկներից մինչև միջնադարյան թափառական ժոնգլյորներն ու խաղալիք վաճառողները: Բայց քրիստոնեության ընդունումից հետո եվրոպական բանահյուսության մեջ Ձմեռ պապի կերպարը նմանեցվել է բյուզանդական եկեղեցու արքեպիսկոպոս սբ. Նիկողայոսի (270-345 թթ.) վարքին, որը, ավանդության համաձայն, շատ բարի էր, օգնում էր չունևորներին: Հայտնի է, օրինակ, մի խեղճ ընտանիքի 3 աղջիկներին օգնելու պատմությունը` նրանց պատուհանից աննկատ ոսկու կապոցիկներ ներս գցելով: Ասում են` այդպես է ձևավորվել բարեգործությունը:
Ձմեռ պապն արևելասլավոնական դիցաբանության մեջ ձմեռային սառնամանիքների տիրակալն է` կապույտ կամ կարմիր քուրքով, երկար ու սպիտակ մորուքով, տաք կաճյակներով (վալենկա) ու գավազանով: Ապրել է սառցե խրճիթում: Սառնամանիքներն այդ Ցրտի շնչառությունն են, սառցալուլաները՝ արցունքները, եղյամը՝ սառած բառերը, մազերը՝ ձնե ամպերը: Ցուրտը ձմեռնամուտին վազում է դաշտերով, գավազանով հարվածում աջ ու ձախ և սանձահարում (սառեցնում) գետերն ու լճերը: Սկզբում Ձմեռ պապից վախեցել ու պաշտել են. ձմեռային արևադարձի և գարնան գիշերահավասարի օրերին դուռ ու լուսամուտ լայն բացել են, որ նա անարգել տուն մտնի, նրան նվեր են տվել, սիրաշահել, հատուկ ուտելիք առանձնացրել, որպեսզի խնայի ցանքերը և ցրտահարությամբ չոչնչացնի: Ձմեռ պապի կերպարը ժամանակի ընթացքում տրամագծորեն շրջվել է. նա վերածվել է նվիրատուի և երեխաների ցանկալի հյուրի: Ավելին՝ Ձմեռ պապի կողքին հայտնվել է նրա թոռնուհին՝ շիկահեր Ձյունանուշը, դարձել Ձմեռ պապի օգնականը: Ձմեռ պապը Ռուսաստանում առաջին անգամ հայտնվել է 1910 թ․-ին՝ ծննդյան տոներին, իսկ խորհրդային տարիներին՝ 1936 թ․-ին. նա Ձյունանուշի հետ եկել է Մոսկվայի Միությունների տուն ու Ամանորի նվերներ բաժանել երեխաներին: 1970-ական թվականներից Ձմեռ պապն «այցելում» է նաև տներ: 2005 թ․-ին Ռուսաստանում պաշտոնապես որոշել են Ձմեռ պապի ծննդյան օրը՝ նոյեմբերի 18-ը, և ծննդավայրը՝ Մեծ Ուստյուգը: Այդպես նախընտրել են երեխաները, որովհետև հենց այդ օրվանից են սկսվում սառնամանիքներն ու իսկական Ձմեռը Մեծ Ուստյուգում, որտեղից էլ Ձմեռ պապը ճանապարհ է ընկնում իր ավանդական սահնակով:
Վերջին տարիներին սկսվեց խոսվել նաև Ձմեռ պապի հայկական ձագման մասին: Շատերի խոսքով՝ ունենք հիշատակումներ, որ Ամանորի տոնը գալիս է Ք.ա. 2492թ-ից: Այդ թվականին Հայկը հաղթել է Բելին, իսկ ըստ Աստվածաշնչի՝ այդ թվականին Նոյյան տապանը հանգրվանել է Արարատի գագաթին: Մենք ունեցել ենք նաև Ձմեռ պապիկի փոխարինող, որի դերը, ըստ մեր պատմիչների, կատարել է Սահակ Պարթևը: Նրա կերպարը մանուկների և երեխաների համար չափազանց սիրված կերպարներից է եղել: Նա էլ ստացել է Մեծ Պապուկի անվանումը: