ԵՄ-ի համար Տրանսկասպյան խողովակաշարի շինարարությունը, որով Կենտրոնական Ասիայի գազն արտահանվելու է եվրոպական շուկա, հանդիսանում է Հարավային գազային միջանցքի լրացուցիչ տարրերից մեկը։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շևչովիչի տեղակալ Բերնդ Բիրվերտը։
Նա նշել է, որ Տրանսկասպյան խողովակաշարի կյանքի կոչումը բխում է ԵՄ-ի ու Թուրքմենստանի շահերից։ Այդ նպատակով էլ իրենք 2015թ.-ին ստորագրել են Աշգաբադյան հուշագիրը`թուրքմենական, թուրքական, ադրբեջանական և վրացական կողմերի մասնակցությամբ։
Այս տարի առաջին գնացքներն են մեկնել նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով։ Թուրքիան նույնպես դուրս է գալու Հարավային Կովկաս, Կենտրոնական Ասիա և Չինաստան Ադրբեջանով ու Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքով:
Անկարան Բաքու-ղազախական Ալյաթի նավահանգստով, ինչպես նաև Բաքու-Թուրքմենշաբի ուղղությամբ լաստանավային փոխադրումներով դուրս է գալու իր համար կարևորություն ունեցող թուրքմենական շուկա:
Ադրբեջանը դառնում է Թուրքիայի պատուհանը դեպի թյուրքական աշխարհ՝ Կենտրոնական Ասիա ու Սինցզյան, ինչպես նաև հակառուսական արտաքին քաղաքական վեկտոր ունեցող երկրներին՝ Վրաստանին, Ուկրաինային միջանցք տրամադրում ՌԴ-ն շրջանցելու և ՌԴ-ից տարանցիկ կախվածության թուլացման համար:
Նշենք, որ Թուրքմենստանը որոշում է կայացրել Կասպից ծովի ափին նոր նավահանգստի շինարարության իրականացման վերաբերյալ: Թուրքմենբաշու միջազգային առևտրային նավահանգստի հիմնարկեքին մասնակցել են Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքմենական նոր նավահանգիստը կլինի բազմաֆունկցիոնալ և այն կկարողանա սպասարկել նավթ, գազ արտահանող տանկերների, ինչպես նաև տարբեր արդյունաբերական նշանակության ապրանքների տեղափոխությամբ զբաղվող նավերի: Թուրքմենբաշիի նոր նավահանգստի ընդհանուր մակերեսը կկազմի 1 միլիոն 200.000 քմ տարածք:
Դեպի նավահանգիստ կկառուցվեն նոր ճանապարհներ և երկաթգիծ, որպեսզի նավահանգիստը ձեռք բերի տարանցման մեծ հնարավորություններ՝ դեպի Կենտրոնական Ասիայի այլ երկրներ և Չինաստան:
Թուրքմենստանը ցանկանում է Կասպից ծովի տարածաշրջանում վերածվել Կենտրոնական Ասիա-Կովկաս-Եվրոպա՝ TRACEKA միջազգային տրանսպորտային-կոմունիկացիոն միջանցքի կարևորագույն օղակի և Մերձկասպյան տարածաշրջանի յուրօրինակ դարպասների Նոր մետաքսե ճանապարհի վրա:
Կասպից ծովի ավազանում Թուրքմենստանի կողմից նախատեսված խոշորագույն տրանսպորտային, ինչու ոչ, և աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող այս նախագիծը միակը չէ Կասպյան ավազանում:
Կասպից ծովի արևմտյան՝ ադրբեջանական, ափին նախատեսվում է Բաքվի մերձակայքում կյանքի կոչել Ալյաթ նոր նավահանգիստը, որն իր հերթին տրանսպորտային՝ լաստանավային, փոխադրումներով կկապվի Թուրքմենբաշիի նոր նավահանգստի հետ՝ կազմելով Կասպյան ավազանում նոր տրանսպորտային ինտեգրացիայի մի մասնիկը:
Բաքվից 65 կմ հեռավորության վրա գտնվող Ալյաթ ավանում կառուցվող նավահանգիստը, որի շինարարությունը սկսվել է 2010 թ.-ին, նախատեսված է ավարտին հասցնել մինչև 2015թ.-ը: Տարեկան նոր նավահանգիստը կկարողանա ընդունել մինչև 11.5 միլիոն տոննա բեռ, բացի այդ՝ Ալյաթ նավահանգիստը կապված է Ադրբեջան-Վրաստան երկագծի հետ, ինչը ենթադրում է Կասպից ծով-Սև ծով տարածաշրջանում տարանցման հնարավորություններ:
Թուրքմենստան-Ադրբեջան՝ Ալյաթ և Թուրքմենբաշի նավահանգիստների միջև տրանսպորտային երկկողմ կապերը կդառնան եռակողմ, երբ այս տրանսպորտային յուրօրինակ միջանցքին կմիանա նաև Ղազախստանի Աքթաու նավահանգիստը, որից այժմ նավթ, գազ և այլ բեռներ են տեղափոխվում Բաքվի նավահանգիստ, այնուհետև երկաթգծով դեպի Սև ծովի Բաթում և Փոթի նավահանգիստներ և ԵՄ:
Կասպյան ավազանում կձևավորվի յուրօրինակ Մերձկասպյան թյուրքական երկրների տրանսպորտային եռանկյունի՝ Աքթաու-Ալյաթ-Թուրքմենբաշի ուղղություններով: Այդ նոր միջանցքը կշրջանցի Ռուսաստանին և թույլ կտա Մերձկասպյան երկրներից Թուրքմենստանին և Ղազախստանին նվազեցնել իրենց տարանցման հետ կապված կախվածությունը Ռուսաստանից, դիվերսիֆիկացնել արտահանման ուղղություններն արևմտյան ուղղությամբ:
Ադրբեջանն էլ վաղուց հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել իր տարանցիկ հնարավորությունները՝ երկաթգիծ, ավտոմայրուղիներ, գազանավթատարներ կենտրոնականասիական երկրների համար՝ դառնալով Ղազախստանի և Թուրքմենստանի համար պատուհան դեպի Արևմուտք և Թուրքիա: