Ռուսաստանի ԱԳՆ-ն վերջերս չէր ստացել Ադրբեջանի համաձայնությունը Գեորգի Զուևին այդ երկրում ՌԴ նոր դեսպան նշանակելու առնչությամբ և նշում էր, որ Ադրբեջանը հրաժարվել է տալ Գեորգի Զուևին դեսպան նշանակելու նախնական համաձայնությունը նրա «վառ արտահայտված հայամետ դիրքորոշման» պատճառով:
Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներից մեկում այսօր հայտնվել է մի հրապարակում, որտեղ քննարկվել են Ադրրբեջանի դիվանագիտական այդ քայլի իրական պատճառները, և հետաքրքիր է, որ, բացի հիմնական պատճառներից, մասնավորապես՝ հայ-ռուսական համատեղ զորավարժությունների անցկացումից, Համառուսական ադրբեջանական կոնգրեսի լուծարումից և այլն, ակնարկ է եղել նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածություն առաջացնող մեկ այլ խնդրի մասին։ Նշվել է, որ Ռուսաստանը վերջին շրջանում ակտիվացրել է իր քաղաքականությունն Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների, հատկապես թալիշների մասով և խրախուսում է նույնն անել նաև իր դաշնակիցներին՝ ակնարկելով այստեղ արդեն Հայաստանին։
Շատերն են կարծիքներ հայտնել, որ Ռուսաստանն Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու համար կարող է օգտագործել ղարաբաղյան հակամարտությունը, բայց Ռուսաստանը, ենթադրաբար, իր ջանքերը կարող է կենտրոնացնել մեկ այլ ուղղության՝ Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների վրա, որը պակաս վտանգավոր չի այդ երկրի համար։