Շարունակում ենք խոսել Թալիբան շարժման ստեղծման և ձևավորման մասին: Հոդվածի առաջին մասում խոսվեց առավելապես շարժման անդամների գաղափարական, սոցիալական մղումների և պատճառահետևանքային կապի մասին: Այս անգամ անդրադարձ կկատարվի Թալիբանի կառուցվածքին, տարած հաղթանակներին, Պակիստանի՝ Աֆղանստանում ունեցած քաղաքական շահերին և աֆղանական քաղաքական կյանքում ունեցած գործուն միջամտությանը:
Մեծ հետաքրքրություն է իրենից ներկայացնում Թալիբան շարժման մասնակիցների հավաքագրումը: Թալիբանի քաղաքական ղեկավարության կազմում հիմնականում ընդգրկված էին այնպիսի մարդիկ, որոնք չէին պատկանում աֆղանական հասարակության ավանդական էլիտային: Աֆղանական քաղաքական հարթակում Թալիբան շարժման հայտնվելու պահին՝ 1994 թվականի աշնանը, դրա քաղաքական և զինվորական ղեկավարության մեծամասնությունը ծանոթ չէր աֆղանական հասարակությանը: Թալիբանի քաղաքական առաջնորդ Մուհամմեդ Օմար Ահունզադայի 31 ամյակը լրացրել էր տակավին 1994 թվականին: Քաբուլի պրոկոմունիստական ռեժիմի և Աֆղանստանում խորհրդային ներկայության դեմ պատերազմի ընթացքում նա համարվում էր ընդամենը մոջահեդդինների մի ոչ մեծ խմբի հրամանատար, որը պատկանում էր Փեշավարյան դաշինքի մաս կազմող Նաբի Մուհամմեդի կուսակցությանը: Թալիբների հրամանատարների մեծ մասը մտացածին անուններ ուներ: Շարժման հիմնադիրներից մեկի՝ մոլլա Բորջանի իրական անունը տուրան (կապիտան) Աբդուլ Ռահման էր: Քաբուլի ռազմական ակադեմիայի նախկին սան Կանդահարի բնակիչը մասնակցել էր 1979 թվականի սեպտեմբերին Հաֆիզուլլահ Ամինի կողմից իրականացված պետական հեղաշրջմանը: Դեկտեմբերին, երբ խորհրդային զորքերը տապալեցին Ամինին, նա հեռացավ Քաբուլից: Պակիստանում նա միացավ Նաբի Մուհամմեդի «Հարաքաթե ինկիլաբե իսլամի» կազմակերպությանը:
Մնացյալները հակամարտությանը չեն մասնակցել: Շահ Սարվարը, որը եղել էր ռուսական վերահսկողության տակ գտնվող հետախուզական ենթաբաժնի պատասխանատու աշխատակից, այժմ թալիբների մոտ ղեկավարում էր Քաբուլից հյուսիս ընկած հրետանային մարտկոցները: Մուհամմեդ Ակբարը ԱԱԾ նախկին պաշտոնյա էր և նույն գործառույթներն էր կատարում արդեն նոր ղեկավարման ներքո: Գեներալ Մուհամմեդ Ջիլանին նույնպես միացավ թալիբների շարժմանը Կանդահարի գրավումից հետ և նշանակվեց ՀՕՊ հրամանատար: Նա աֆղանական կոմունիստական բանակում էր մնացել ընդհուպ մինչև 1992 թվականը:
Թալիբանում գտնվող Քաբուլի կոմունիստական վարչակարգի նախկին գործիչները հակված էին դեպի Աֆղանստանի ժողովրդա-դեմոկրատական կուսակցության «Հալկ»-ը (Ժողովուրդ, ազգ) թևը: Միևնույն ժամանակ նրանք, ինչպես մեկ ուրիշ ֆրակցիայի՝ «Փարչամ»-ի (Գիտելիք) կողմնակիցները, Նաջիբուլլայի պաշտոնանկումից հետո ապաստան գտան Հյուսիսային Աֆղանստանում՝ գեներալ Դուստտոմի մոտ: Երկու թևերի միջև հակասությունը Աֆղանստանի նոր պատմության մեջ մեկ անգամ չէ, որ ցնցումների առիթ դարձավ: 1979թ. սեպտեմբերին Հաֆիզուլլահ Ամինի կատարած հեղաշրջումը հալկիստների կողմից փարչամիստների նկատմամբ նոր բռնաճնշումների առիթ հանդիսացավ: 1979թ. դեկտեմբերին խորհրդային զորքերի ներխուժումը ապահովեց փարչամիստների գերակայությունը՝ իշխանությունը գրաված Բաբրակ Քարմալի գլխավորությամբ: 1992 թվականից հետո երկու ֆրակցիաների միջև ներկուսակցական հակասությունները մեծ հաշվով կորցրեցին իմաստը: Նաջիբուլլայի մահապատիժը չի կարելի դիտարկել որպես հալկիստների կողմից արված քայլ՝ ընդդեմ փարչամիստների: Դա աֆղանական հասարակության ավանդական համակարգի դեմ ուղղված նոր հասարակական-քաղաքական կազմակերպության քաղաքական քայլն էր:
ԱԺԴԿ Հալկ թևի և մինչ այդ աֆղանական քաղաքական կյանքին անծանոթ Մուհամմեդ Օմարի գլխավորությամբ Թալիբան շարժման ղեկավարության գերակայությունը ամբողջությամբ գտնվում էր Իսլամաբադի սահմանած շրջանակների մեջ: Վերջիններս ապահովում էին աֆղանական քաղաքական շարժման վերահսկողությունը, որն էլ իր հերթին կոչված էր լուծել Աֆղանստանում պակիստանյան քաղաքական իրական խնդիրները: Հալկիստները ապահովել էին Թալիբանի համար կազմակերպության սկիզբը՝ հիմնված կուսակցության դիսցիպլինի վրա, և միաժամանակ առաջին փուլում գտնվում էին Պակիստանից կախվածության տակ, և հենց սա էր, որ հնարավորություն տվեց 1994թ. վերադառնալ աֆղանական քաղաքական թատերաբեմ:
Այս տեսանկյունից կարելի է ենթադրել, որ Թալիբանը, որը ձևավորվել էր աֆղանական հասարակության հետ որևէ հիմնավոր կապեր չունեցող մարդկանցից, ունակ էր Պակիստանի օգնությամբ կատարել Աֆղանստանում կարգուկանոն հաստատելու առաջադրանքը, որը բխում էր Պակիստանի կողմից սահմանված առաջնային նպատակների սպասարկումից: Թալիբանի բարձրագույն ղեկավարությունը հիմնական շեշտը դնում էր հոգևոր ձևին՝ նպատակ ունենալով նոր ձևավորվող աֆղանական հասարակության հիմքում դնել «մաքուր իսլամը»: Հիմնվելով սրա վրա՝ Թալիբանի գրեթե բոլոր ղեկավարները հոգևոր կոչումներ են ունեցել, չնայած որոշները դրա իրավունքը չեն ունցել:
Մեծ Շուրայի կազմում, որը հանդիսանում էր շարժման բարձրագույն ղեկավար մարմինը, մտնում էր մոտ 50 մարդ: 2016 թվականից Թալիբանի առաջնորդ է հանդիսանում Հիբաթուլլահ Ակունզադան: (Թալիբանի ընդհանուր հիերարխիկ կառուցվածքը՝ ստորև ներկայացված նկարում)
Միանգամայն ակնհայտ է, որ առանց Պակիստանի ռազմական և նյութական օգնության Թալիբանը չէր կարող վերածվել ուժեղ ռազմաքաղաքական կազմակերպության:
Թալիբան շարժումը, որը հանդես էր գալիս սկզբնական մուսուլմանական հասարակության վերադարձման օգտին, փաստորեն կասկածի տակ էր դնում ավանդական էլիտայի լեգիտիմությունը: Աֆղանական ավանդական էլիտայի թուլությունը, երկրի արդիականացման անհաջող փորձերը, Աֆղանստանում տարիներ տևող պատերազմը, ինչպես նաև 1992-1994թթ. իրադարձությունների արդյունքում աֆղանական կենտրոնացված պետության փլուզումը իրական և հնարավոր դարձրեցին Թալիբան շարժման արագ հաջողությունը և հաղթանակը:
Սակայն միշտ էլ գոյություն է ունեցել այդ պատկերի և իրականության միջև առկա անդունդը: Եթե Թալիբանը պետք է լիներ ինչ-որ չափով ավելի խոշոր, քան կրոնական ֆանատիզմով տարված խումբ, որը մասնակցում էր կարճատև ռազմական ընդհարումներին, ուրեմն այդ շարժումը կարիք ուներ ավելի մեծ չափերի գումարի, զենք-զինամթերքի, ինչպես նաև նշանակալից տեխնիկական և ռազմական գիտելիքների:
Հենց սկզբից Թալիբանի քիչ թե շատ հայտնի հովանավորը համարվում էր Պակիստանը: Պակիստանի հետախուզական ծառայությունը (Inter-Services Intelligence- ISI), որը հանդիսանում էր դրամական փոխանցումների, 1980-ական թթ. ընթացքում մոջահեդդիններին զենք-զինամթերքի և մասնագիտական գիտելիքների փոխանցման հիմնական և գլխավոր կենտրոնը, խորապես ներքաշված էր աֆղանական քաղաքական կյանքին:
1994թ. Բենազիր Բհուտտոյի կառավարությունը բանակցություններ էր վարում արգենտինյան Brides ընկերության հետ, սակայն այն այդքան էլ չմոտեցրեց (հնարավոր խողովակաշարի վերաբերյալ) Աֆղանստանի հարավային մասի ազատմանը: Պակիստանի գլխավոր «պաշտպան» և «ներկայացուցիչ» Հեկմատիարը խրված էր Քաբուլի համար պայքարում և հազիվ թե ունակ լիներ ապահովել այդ խնդրի լուծումը:
Այլընտրանքի փնտրտուքների մեջ Բհուտտոյի կառավարության ներքին գործերի նախարար Նասիրուլլա Բաբարը հանգեց Թալիբանն օգտագործելու գաղափարին: 1994թ. սեպտեմբերին նա ISI-ի սպաներից և տեղանքագիրներից կազմեց մի խումբ Կանդահարից և Հերատից մինչև Թուրքմենստան ճանապարհը հետազոտելու համար: Հաջորդ ամիս Բհուտտոն այցելեց Թուրքմենստան, որտեղ նա աջակցություն ստացավ երկու առանցքային հրամանատարներից. Ռաշիդ Դուստոմից, որը վերահսկում էր Աֆղանստանի տարածքը թուրքմենական սահմանի երկայնքով, և Իսմայիլ Խանից, որը ղեկավարում էր Հերատը: Նպատակ ունենալով ստանալ միջազգային ֆինանսական օգնություն՝ կազմակերպվեցին նաև մի շարք հանդիպումներ օտարերկրյա դիվանագետների հետ, որոնք ժամանել էին Իսլամաբադ, Կանդահար և Հերատ: Իր ծրագիրը կյանքի կոչելու համար ներքին գործերի նախարար Բաբարը կազմակերպեց երեսուն ռազմական բեռնատարներից կազմված շարասյուն, որոնք Թալիբանի զինյալների հսկողության տակ վարում էին ISI-ի ղեկավարության տակ գտնվող նախկին ռազմական վարորդները: Այդ բեռնատարները ճանապարհ էին ընկել 1994թ. հոկտեմբերի 29-ին, և երբ ճանապարհը արգելափակվեց, համապատասխան ձևով լուծեցին հարցերը զինված խմբավորումների հետ: Մինչև նոյեմբերի 5-ը Թալիբանը ոչ միայն գրավեց ճանապարհը, այլ նաև աննշան ռազմական միջամտությամբ վերահսկողություն սահմանեց Կանդահարի վրա:
Հաջորդ երեք ամիսների ընթացքում Թալիբանը վերահսկողություն սահմանեց Աֆղանստանի 31 նահանգներից 12-ի վրա: Մի շարք ռազմական պարտություններից հետո 1995թ. կեսերին Թալիբանը Պակիստանի օգնությամբ վերազինվեց և վերակազմակերպվեց և 1995թ. սեպտեմբերին մտավ Հերատ՝ հուսալի ձևով ազատելով ճանապարհը Պակիստանից մինչև Կենտրոնական Ասիա: Հաջորդ ամսին Unocol-ը Թուրքմենստանի հետ կնքեց սեփական պայմանագիրը խողովակաշարի կառուցման վերաբերյալ:
Պակիստանը միշտ խուսափել է ցուցաբերել որևէ ուղղակի օգնություն Թալիբանին, որովհետև այս հարաբերությունները համարվում էին խիստ գաղտնի: Թալիբանը ամուր կապեր ունի «Ջամիաթ-է-Ուլեմա Իսլամ» կազմակերպության հետ, որը Պակիստանւմ հայտնի ծայրահեղական կուսակցություն էր, որն էլ իր հերթին ուներ սեփական մեդրեսսեները Աֆղանստանի հետ սահմանի երկայնքով: Այն ապահովում էր Թալիբանին մեծ թվով անդամներով, ինչպես նաև հանդիսանում էր կապի միջոց ISI-ի, պակիստանյան ռազմական բարձրագույն պաշտոնյաների միջև:
Արտաքին միջամտության ամենաարտահայտիչ նշանը համարվում էր Թալիբանի ռազմական հաջողությունը: Մեկ տարուց էլ քիչ ժամանակահատվածում այն կիսագրագետ ուսանողների միավորումից վերաճեց լավ կազմակերպված ռազմական կառույցի, որը կարող էր մարտադաշտ հանել ավելի քան 20000 զինյալ՝ զինված տանկերով, հրետանիով, օդային աջակցությամբ, և որն արդեն իսկ վերահսկում էր հարավային և արևմտյան Աֆղանստանի շատ շրջաններ:
Ինչպես նշել է Մարտին Էվանսը, «հետաքրքիր է, որ ուժը, որը կազմված էր գլխավորապես նախկին պարտիզաններից և ոչ պրոֆեսիոնալ ուսանողներից, կարող էր ցույց տալ այս աստիճան կազմակերպվածություն և վարպետություն, որ Թալիբանը ցուցադրեց իր գործունեության հենց սկզբից»:
Սակայն, այդուհանդերձ, Պակիստանը Թալիբանի միակ հովանավորը չէր: Կար նաև Սաուդյան Արաբիան, որը ֆինանսական և նյութական օգնություն էր ցուցաբերում շարժմանը: Այն բանից հետո, երբ Թալիբանը վերահսկողություն սահմանեց Կանդահարի վրա, «Ջամիաթ-է-Ուլեմա Իսլամ»-ի առաջնորդ Մավլանա Ֆալլուր Ռեհմանը Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի պետությունների արքայական ընտանիքների անդամների որս սկսեց: Սաուդյան Արաբիան գումար, տրանսպորտային միջոցներ ուղարկեց Թալիբանին՝ Քաբուլի վրա գրոհելու համար: Սա ուներ 2 պատճառ. քաղաքական առումով Թալիբանի արմատական գաղափարախոսությունը մոտ էր սաուդիստների դավանած վահհաբիզմին: Այն թշնամաբար էր վերաբերվում շիաներին, հետևաբար՝ Էլ-Ռիադի՝ տարածաշրջանում գլխավոր հակառակորդ Իրանին: Սաուդյան «Delta Oil» նավթային ընկերությունը հանդիսանում էր «Unocol»-ի գործընկերը խողովակաշարի հավանական կառուցման գործում և հույսեր էր կապում Թալիբանի հաղթանակի հետ, որը և թույլ կտար իրականություն դարձնել այս նախագիծը:
Համեմատաբար տարածված տեսությունը վկայում է, որ Թալիբան շարժումը ստեղծվել է Պակիստանի տարածքում պակիստանյան ղեկավարության կողմից աֆղանական փախստականների ճամբարներում գործող կրոնական դպրոցների ուսանողներից: Ինչպես ժամանակին խոստովանել է Պակիստանի գլխավոր շտաբի նախկին պետ Միրզա Ասլամ Բեկը, այդ մեդրեսսեների շղթան ստեղծվել է Պակիստանի կողմից, որպես կրոնա-գաղափարախոսական գիծ աֆղանա-պակիստանյան սահմանի երկայնքով՝ նպատակ ունենալով բարձրացնել մոջահեդդինների ռազմական ոգին:
Հայտնի է նաև Թալիբանի ստեղծման մասին ևս մեկ հնարավոր, սակայն ոչ այդքան խելամիտ պատճառ: Պակիստանի ամենախոշոր գործարարներից մեկը, որը Բենազիր Բհուտտոյի ամուսինն էր, նախաձեռնել էր Աֆղանստանի տարածքով Միջին Ասիայում առաջին փորձնական առևտրային քարավանը, որը թալանվեց մոջահեդդինների կողմից: Սրանից հետո 1994թ. Թալիբանը սկսեց հարձակումներ ձեռնարկել այն ուղղություններով, որտեղ վերահսկողություն էին սահմանել հիմնականում փուշտու ինքնուրույն հրամանատարներ: Համեմատաբար արագորեն կոտրելով վերջիններիս դիմադրությունը՝ թալիբները գրավեցին Կանդահարը և երկրի՝ փուշտուներով բնակեցված հարավային շրջանների մեծագույն մասը:
Բնական է, որ Աֆղանստանում տիրող իրավիճակի առկայությամբ պայմանավորված՝ թալիբների ռազմական հաջողությունները պետք է, որ տպավորիչ լինեին: Այս երկրում ռազմական բոլոր ռեսուրսները հայտնի էին, և շարունակվող քաղաքացիական պատերազմի դեպքում հավելյալ ռեսուրսներ կարող էին բերվել միայն դրսից:
Աֆղանստանի մոտ հարևաններից միայն Պակիստանը կարող էր ուժեղացնել Թալիբանը այնքան, որ նա համեմատաբար հեշտ հասնի ռազմական հաջողության տարիներ տևող քաղաքացիական պատերազմում թրծված աֆղանական մոջահեդդինների դեմ պայքարում: Իսլամաբադի տեսանկյունից թալիբներին զինելը և հզորացնելը այդքան էլ բարդ չէր դիտարկվում՝ հաշվի առնելով պակիստանյան բանակում ծառայող փուշտու զինվորների և Պակիստանի հյուսիսարևմտյան սահմանային գոտում գտնվող ռազմական խմբավորումների առկայությունը: Թալիբան շարժման որոշիչ գործողությունները հստակ ցույց տվեցին, որ 1994թ. Իսլամաբադի մոտ փոփոխվել են աշխարհաքաղաքական առաջնահերթությունները: Աֆղանստանում տիրող խառնաշփոթը, անկայունությունը, մոջահեդդինների բազմաքանակ ուժերի առկայությունը միջոց էին հանդիսանում Աֆղանստանը իր վերահսկողության տակ պահելու և Կենտրոնական Ասիայում տրանսպորտային միջանցքի բացման համար:
Այս տեսանկյունից Թալիբան շարժման ստեղծումը համարվել է Իսլամաբադի առջև դրված աշխարհաքաղաքական առաջնահերթությունների լուծման ամենաօպտիմալ եղանակը: Աշխարհաքաղաքական նոր զարգացումները՝ կապված ԽՍՀՄ փլուզման և նոր պետությունների ստեղծման հետ, Իսլամաբադի օրակարգից չհանեցին ուժեղ և ինքնուրույն Աֆղանստանի ստեղծման խնդիրը և աֆղանական էլիտայի հետ Դյուրանդի գծի հետ կապված անհամաձայնությունների հարթեցումը:
Մելինե Հայրապետյան