Տեսակետ կա, թե Հայաստանը ստորագրեց Եվրոպայի հետ համապարփակ համաձայնագիրը, քանի որ Ռուսաստանը՝ որպես դաշանակից, իրեն լավ չի դրսևորում, Ադրբեջանին զենք է վաճառում: Լավ կլիներ, որ դա այդպես լիներ, ու Հայաստանը ադեկվատ վերաբերմունք ցույց տար Ռուսաստանի՝ դաշնակցին ոչ հարիր և հակահայկական քաղաքականությանը: Ցավոք սրտի, դա այդպես չէ: Այստեղ կա երկու պարզ, բայց, չգիտես ինչու, անտեսվող հանգամանք:

Առաջին՝ Եվրոպայի հետ համաձայնագիրն անվտանգության հետ ոչ մի առնչություն չունի: Հայաստանի (ներառյալ Արցախի) անվտանգության բացը շարունակում է մնալ բաց: Ռուսաստանը կարող է նույն կերպ շարունակել զենք վաճառել Ադրբեջանին, նույն կերպ այն կարող է Արցախը փորձել դարձնել մանրադրամ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սակարկելիս, ու այս համաձայնագիրը ոչ մի կերպ մեզ չի օգնելու: Ի դեպ՝ այս համաձայնագիրը ոչինչ չի նախատեսում նաև էներգետիկ դիվերսիֆիկացիայի առումով, և մենք կրկին մնում ենք Ռուսաստանից խիստ կախվածության մեջ:

Երկրորդ՝ Եվրոպայի հետ Հայաստանը փորձում էր մերձենալ ավելի վաղ, քան ԵԱՏՄ-ն ստեղծվեց, ու Ռուսաստանը սկսեց դեպի Ադրբեջան ու ավելի ուշ՝ դեպի Թուրքիա մերձեցման քաղաքականությունը (կամ դրա փորձերը): Մինչև ռուսական զենքի խոշորամասշտաբ վաճառքը Ադրբեջանին Հայաստանը սկսել էր բանակցել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ, որը մենք գիտենք՝ ինչպես ավարտվեց չորս տարի առաջ:

Այս նոր համաձայնագիրը, որքանով էլ որ ողջունելի է, թույլ և անվստահ քայլ է դեպի հավասարակշռված արտաքին քաղաքականություն: Կարելի է ասել՝ կես քայլ է դեպի բարգավաճ և անվտանգ պետություն ունենալուն: Սակայն, միևնույն է, Ռուսաստանի կայսերապետական ճիրաններից ազատվելու համար նույնիսկ ողջունելի է կես քայլը:

Հայաստանին պետք է ամուր և հավասարակշռված արտաքին քաղաքականություն և համապատասխան դաշինքներ: Անձամբ ես կողմ եմ և-և-և-և-... արտաքին կողմնորոշման: Այսինքն՝ ոչ թե երկու (Ռուսաստան և Արևմուտք), այլ բազմակողմանի տնտեսական, էներգետիկ, ռազմական համագործակցություններ և դաշինքներ: Այդ կողմերը, Եվրոպայից բացի, պետք է ներառեն առնվազն ԱՄՆ-ը, Չինաստանը, Իրանը, Ճապոնիան: Այդ դեպքում արդեն չի լինի մեկ պետությունից միակողմանի կախվածություն, այլ հավասարակշռված համագործակցություն, որի դեպքում միայն կարելի է հասնել մաքսիմալ (չնայած ոչ կատարյալ) ինքնիշխանության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել