Հիացումով կարդացի Գագիկ Գորգինյանի հրաշալի վերլուծականը մեր այս օրերում առկա մեծագույն ողբերգության՝ աղանդավորական շարժումների ստեղծման, պատճառի, ստեղծողների, խամաճիկների և բուն նպատակի մասին։ Կարելի է հասկանալ, թե ինչպես են հայտնվում դրանք, ովքեր են շահագրգռվածները և ինչ նպատակով, թե այդ գործում ինչ մեծ դեր ունի նրանց կողմից մշակված և իրենց մանկլավիկների միջոցով իրականացվող հակա Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ծավալած գործունեությունը։ Կարդացեք ուշադիր և մտածեք, թե արդյոք պատահակա՞ն են այն բոլոր գործընթացները, որոնք ծավալում են «մեր» որոշ մտավորական բանաստեղծուհիներ, առաջադեմ սեքսամանիայով տառապող գրողներ-հրատարակիչներ և բազում այլ հայատյաց «հայ» մսրամելիքներ։ Կարդա, ով հայ, որպեսզի հասկանաս, թե ինչպես են խաղում քեզ հետ տարբեր ասպարեզներում, այլասերելու ազգային ոգիդ, գիտակցությունդ և էությունդ...
ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔՈՂԻ ՆԵՐՔՈ
Գլոբալիզացիայի և նեոգաղութատիրության այս ժամանակաշրջանում ժողովրդավարությունը «սեփականաշնորհած», ժողովրդավարությունից հոխորտացող, իրականում, սակայն, երկակի չափանիշներով առաջնորդվող Արևմուտքի ձեռքում մարդու իրավունքներն ու ազատությունները դարձել են յուրօրինակ զենք, միջոց համապատասխան պետության վրա թաթը դնելով՝ նրա ներքին գործերին միջամտելու համար:
Այդպիսի իրավունքներից է նաև կրոնի ազատության իրավունքը, որի իբր պաշտպանության քողի ներքո արևմտյան մի շարք երկրներ ու միջազգային կազմակերպություններ իրականում վարում են աղանդաստեղծման քաղաքականություն: Այդ առումով աղանդավորությունը կամ դրա առանձին տեսակները կարելի է բնորոշել որպես Արևմուտքի հատուկ, հետախուզական ծառայությունների կրոնականացված ներկայությունը որևէ երկրում, այդ թվում՝ Հայաստանում: Մեր երկրում «դիվանագիտական այդ ներկայացուցչությունն» ապահովում և «վսեմ առաքելությունն» իրականացնում են օտար ուժերի կողմից ակտիվորեն ֆինանսավորվող, հովանավորվող հատկապես տոտալիտար (ամբողջատիրական) աղանդները:
Նշված՝ օտար ուժերի միջանկյալ նպատակը ժողովրդին Մայր եկեղեցուց կտրելն է, վերջնական նպատակը՝ ժողովրդին աղանդավորական տարբեր խմբավորումների մասնատելով, այդ խմբավորումների ու հասարակության միջև ատելություն սերմանելով՝ անմիաբան հասարակության ստեղծումը, և պետության ներքին գործերին տարաբնույթ շարժառիթներով ու նպատակներով միջամտելն ապահովված է:
Բոլոր աղանդների, հատկապես՝ տոտալիտար, գործունեության ընդհանուր մեթոդը ոչ միայն կամ ոչ այնքան կրոնական, որքան անթույլատրելի հոգեբանական, տեխնիկական կամ այլ միջոցներով մարդկանց մոլորեցնելն է՝ օգտագործելով հոգևոր, բարոյական արժեքների անկման, հասարակական հարաբերությունների նյութականացման, անբարոյականացման, քրեականացման, համատարած կոռուպցիայի ու անարդարությունների իրադրությունը, դրանց պատճառով պետության, օրենքի ու այլ արժեքների նկատմամբ մարդկանց ունեցած բացասական, հիասթափական վերաբերմունքը, հասարակության մեծ մասի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, որոշ մասի կրոնական գիտակցության ցածր մակարդակը, մեջտեղ բերելով աղանդավորական՝ մտացածին ու պարականոն «սուրբ գրքերը», մերկապարանոց գաղափարախոսությունը՝ հաճախ դրանք զուգակցելով ճշմատիտ, կանոնիկ սուրբգրային որոշ դրույթներով, և, անշուշտ, զրպարտելով ու քարկոծելով մեր ինքնության կարևորագույն հիմնասյուներից մեկին՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Ակնհայտ է, որ նման իրավիճակում հայտնված ու բանից անտեղյակ քաղաքացին երաշխավորված զոհ է աղանդների ծուղակն ընկնելու համար:
Աղանդները, աստիճանաբար, բայց հաստատուն կերպով պառակտելով հասարակությունը, անմիջական-իրական վտանգ են մեր ազգային ու պետական անվտանգության համար: Այդ առումով կրոնի ոլորտում, հատկապես՝ աղանդավորության մասով, պետական քաղաքականությունն իսպառ բացակայում է, լավագույն դեպքում էապես անարդյունավետ է. գլխավոր պատճառը օրենքի, ըստ էության, բացակայությունն է (գործող օրենքը բազմաբնույթ իրավական բացերի, հակասությունների և այլ պատճառներով չեղածի հաշիվ է) և համապատասխան պետական մարմինների իրավասության սահմանափակվածությունը:
Աղանդավորության միջոցով ակամա իրագործում ենք գլոբալիզացիայի սկզբունքներից մեկը՝ ազգայինի ոչնչացումը մեր երկրում, ինչի մեղավորը ոչ թե Եկեղեցին է, ոչ այնքան աղանդավորները, որքան պետությունն իր անտարբերությամբ:
Առկա հիմնախնդիրները լուծելու համար, նախ, անհրաժեշտ է ընդունել նոր օրենք՝ ամրագրելով անհրաժեշտ սահմանափակումներ: Սին ու ոչ լիարժեք են պնդումներն առ այն, թե այդ դեպքում կարժանանանք Արևմուտքի քննադատությանը. նախ՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է, այլ ոչ թե Արևմուտքի կցորդը: Բացի այդ՝ օրենքներ ընդունելիս, միջազգային պայմանագրեր կնքելիս միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներն ու նորմերը նկատի ունենալուն զուգահեռ նախ և առաջ անհրաժեշտ է հաշվի առնել մեր երկրում առկա հիմնախնդիրները, դրանց տեղական, բնորոշ առանձնահատկությունները, հասարակական կյանքում դրանց առաջացրած կամ հնարավոր հետևանքները, դրանց լուծման՝ իրավիճակից բխող նախընտրելի ձևերն ու միջոցները և ամենակարևորը՝ մեր ազգային ու պետական շահերը, այլ ոչ թե արևմտյան՝ լղոզված, ապազգային, գլոբալիզացիոն չափանիշները: Հետաքրքիր է՝ մարդկանց զզվեցնելով «է՜ստի համեցեք»-ը, քահանայի «կոկորդ կրծելը», Եկեղեցուն, հոգևորականությանը լկտիաբար զրպարտելը կամ... այդ չափանիշների՞ց են. Հայաստանում իրավիճակն այնպիսին է, որ աղանդների մեծամասնության գործունեությունը հակասահմանադրական ու անօրինական է (անհրաժեշտ է ընդունվելիք նոր օրենքով սահմանված կարգով արգելել որոշ աղանդատեսակների գործունեությունը). կրոնի ազատության իրավունքի իրացման քողի ներքո աղանդները խախտում են հենց նույն՝ մարդու իրավունքներն ու ազատությունները, կատարում բազմաթիվ ու բազմաբնույթ իրավախախտումներ, ինչը կարող է հաստատել գրեթե յուրաքանչյուր ոք: Իսկ ո՞վ է պաշտպանելու աղանդավորությունից տուժածների ու խեղվածների իրավունքներն ու ազատությունները, ո՞վ է պաշտպանելու մեր՝ ոչ աղանդավորներիս իրավունքներն ու ազատությունները աղանդավորների ոտնձգություններից:
Յուրաքանչյուր ոք, անշուշտ, ունի կրոնի ազատության իրավունք, որի իրացումը, սակայն, պետք է հիմնված լինի օրենքի, մարդու սթափ գիտակցության ու ազատ կամքի, այլ ոչ թե աղանդավորների խաբեբայության կամ հանցավոր այլ գործունեության վրա:
ՀՀ Սահմանադրությունն ու ՀՀ միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենսդրությունը միանշանակորեն տալիս են անհրաժեշտ, բավարար հիմք օրենքով անհրաժեշտ սահմանափակումներ մտցնելու համար: Ուստիև, ՀՀ Ազգային ժողովը կարող է ու պարտավոր է դրսևորել ինքնիշխան պետության քաղաքական կամք և ընդունել նոր օրենք: Իսկ Արևմո՞ւտքը: Արևմուտքն, անշուշտ, կընդդիմանա նույնիսկ իդեալական օրենքի դեպքում, քանզի նրան ձեռնտու է դրսից կառավարվող աղանդների քայքայիչ-պառակտիչ գործունեությունը (բաժանիր, որ տիրես...), Արևմուտքն, իհարկե, կմտահոգվի իրավունքների և ազատությունների սահմանափակումներով՝ օրինակ, «մոռանալով» ճանաչել ու դատապարտել մարդկության դեմ իրագործված և ուղղված միջազգային ծանրագույն հանցագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը (Armenian Genocide), որով խախտվել ու խախտվում են մի ամբողջ ազգի՝ գրված ու չգրված բոլոր իրավունքներն ու ազատությունները, «մոռանալով» իր կողմից կիրառվող երկակի չափանիշները և այլն:
Զարմանալ կարելի է՝ նման հանգամանքներում ինչպե՞ս կարող է ինքնիշխան պետությունն անսալ Արևմուտքի հորդորներին: Կարծում եմ՝ Արևմուտքի քննադատությանն արժանանալու մերկապարանոց «փաստարկը» ազգի և ազգայինի մասին իրականում չմտածող, պետական ինքնիշխանությունն արժեզրկող, թուլակամ ու կոռումպացված չինովնիկի խուսափողական պատասխան է. ո՛չ ավելին:
Այսպիսով, մեզ պետք չեն այնպիսի իրավունքներ ու ազատություններ կամ դրանց իրացման այնպիսի կարգ, որն ուղիղ ճանապարհով տանում է դեպի մեր ազգային ինքնության ռչնչացմանը, ազգային ու պետական անվտանգության թուլացմանը:
Ընդ որում, անհրաժեշտ է պայքարել ոչ թե աղանդավորների, այլ աղանդավորություն չարիքի դեմ, քանզի նրանք նույնպես մեր՝ թեկուզև մոլորյալ հայրենակիցներն են (բացառությամբ որոշ աղանդատեսակների ղեկավար կազմի՝ դրսի ուժերի դրածո, զոմբիացած, ապազգային ղեկավարներից, որոնց հանցավոր գործունեությունը պետք է ուշադրության արժանանա հատկապես ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից): Իսկ ո՞վ է անմեղ ու անսխալական. ոչ ոք: Այլապես կիրականանա աղանդավորությունը հովանավորող կենտրոնների նպատակը՝ ազգային երկպառակտվածությունը: Նաև վաղուց ժամանակն է վերաձևակերպել «Իսկ ի՞նչ է արել կամ անում Եկեղեցին» աղանդավորական բնույթի ծեծված հարցը «Իսկ ի՞նչ ենք արել կամ անում մենք՝ յուրաքանչյուրս, եթե ոչ Եկեղեցու՝ որպես հոգևոր հաստատության, ապա, գոնե, մեր առաքելադավան ճշմարիտ հավատքի պահպանման, այսինքն՝ դարձյալ մեզ ու մեր Եկեղեցու համար» հարցով:
«Ի՞նչ է արել Եկեղեցին» հարցի պատասխանն առնվազն հետևյալն է. չլիներ Եկեղեցու ազգանվեր ու ազգապահպան առաքելությունը, հայ ազգը դեռևս 5-րդ դարից կլիներ առնվազն պարսկերեն խոսող ոչ քրիստոնյա, իսկ այսօր՝ պետականազուրկ:
«Իսկ ի՞նչ է անում Եկեղեցին» հարցի պատասխանն առնվազն այս է. Հայոց պետականության շուրջ վեցդարյա կորստի, խորհրդային աթեիզմի շուրջ յոթանասնամյա կապանքների պայմաններում իր ազգանվեր բացառիկ առաքելության համար հալածվելուց հետո, դեռ շունչ չքաշած, հայտնվելով գլոբալիզացիայի և ապազգայնացման արդի ժամանակաշրջանում, ինքնիշխան պետության անտարբերության ու քահանայի «կոկորդ կրծող» աղանդավորության պայմաններում դարձյալ շարունակում է իր սրբազան առաքելությունը:
Ի դեպ. վերջին շրջանում հատկապես, ակտիվացել են Եկեղեցուն, հոգևոր այրերին ուղղված կեղծ, անհիմն ու խեղաթյուրված բարբաջանքները: Մեծամասամբ աղանդավորներով ու, մեծն Գ. Նժդեհի բնորոշած, անմրցելի հայ տականքներով համալրված, լկտիաբար կեղծ ու դատարկ կոչեր անող որոշ բանսարկուների աղանդակերպ ոհմակներին զուգահեռ կարծես թե ի հայտ է եկել, այսպես կոչված, «գիտական աղանդ»՝ համալրված տարաբնույթ մասնագիտական ոլորտների ներկայացուցիչներից, որոնք ակնհայտորեն ինչ-ինչ ուժերի պատվեր կատարելով՝ «մասնագիտական» առումով «քննադատում», քարկոծում են Եկեղեցուն, մեր հոգևոր այրերին:
Վերջում կցանկանայի հավելել, որ Եկեղեցուն քննադատել-զրպարտելուց, աղանդավորության գիրկը գլորվելուց առաջ սթափվել-գիտակցել է պետք: Գիտակցել-չգնահատելը մեկ բառով կոչվում է ուրացում:
Աղանդավորություն չարիքի դեմ պայքարի տարբեր եղանակներ կան, բայց նախ՝ անհրաժեշտ է վերոնշյալ օրենքի ընդունումը, քանզի հիմնախնդրի իրավական կողմը կարևորներից է: Պայքարի բանաձևն էլ, կարծում եմ, մեր՝ յուրաքանչյուրիս (հասարակության), Եկեղեցու և պետության եռամիասնությունն է:
Աստված օգնական բոլորիս:
Հեղինակ՝ ԳԱԳԻԿ ԳՈՐԳԻՆՅԱՆ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել