ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ զինծառայության մասին օրինագծի վերաբերյալ թույլ տվեք հայտնել իմ և շատ բժիշկների տեսակետը։ Ավարտելով Երևանի պետական բժշկական համալսարանը՝ ընդունվեցի կլինիկական օրդինատուրա, այնուհետև՝ ասպիրանտուրա, որտեղ պետք է սովորեի 2003-2006 թ.: Սակայն ասպիրանտուրայի առաջին իսկ տարին, սեփական դիմումի համաձայն վերցնելով ակադեմիական արձակուրդ, մեկնեցի զինծառայության ՀՀ զինված ուժերում որպես բժիշկ-սպա: Անգնահատելի է այն բժշկական փորձը և գիտելիքները, որոնք ձեռք բերեցի բանակում ծառայելու ժամանակ։ Ռազմական բժշկության բնագավառում բժիշկները կուտակում են շատ մեծ փորձ և հմտություններ, որոնք բացառիկ կարևոր նշանակություն են ունենում իրենց հետագա կլինիկական և կազմակերպչական աշխատանքում: Այնուհետև շարունակելով ուսումս ասպիրանտուրայում՝ հաջողությամբ պաշտպանեցի ատենախոսությունը: Իմ շատ բժիշկ ընկերներ զինծառության տարիներին հավաքեցին մեծաքանակ առաջնային նյութ (հիվանդությունների դեպքեր), որոնց հիման վրա փայլուն կերպով պաշտպանեցին ատենախոսություններ: Համոզված եմ նաև, որ բոլոր մասնագիտությունների պարագայում նույնպես բանակը նպաստում է տվյալ մասնագետի կայացմանը, ստեղծում լուրջ և լայնածավալ դաշտ նաև գիտական գործունեության համար: Միայն ցանկություն է պետք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: