Գաղտնիք չէ, որ ՀՀ քաղաքական ողջ համակարգն ու պետական ապարատը շունչները պահած սպասում են 2018 թվականին, որպեսզի հասկանան, թե, այնուամենայնիվ, ով է լինելու ՀՀ վարչապետ, իսկ ովքեր՝ փոխվարչապետներ։ Այս փուլում արդեն կարելի է մեծ վստահությամբ պնդել, որ վարչապետի հարցը որոշված է, ու այդ պաշտոնը զբաղեցնելու է Սերժ Սարգսյանը։ Կարելի է ասել, որ այս հարցում ինտրիգ այլևս չկա էլ։ Միակ ինտրիգային գործոնը Կարեն Կարապետյանի քաղաքական հետագա կարիերան է, ու կախված նրանից, թե որ սցենարը կընտրվի Կարապետյանի համար, պարզ կլինի, թե ովքեր են լինելու 3 փոխվարչապետները։
Նոր սահմանադրությամբ ՀՀ Կառավարությունն ունենալու է 3 փոխվարչապետ։ Այս պահին կարելի է վստահ փաստել, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում, որ 2018-ին իրեն ու ՀՀԿ-ին մեղադրեն ավտորիտարիզմի մեջ, ուստի մեծ հավանականությամբ, կձևավորվի կոալիցիոն կառավարություն Ծառուկյան դաշինքի ու ՀՅԴ-ի հետ։
Եթե հիմք ընդունենք այս հիպոթեզը, ապա, ամենայն հավանականությամբ, Կարեն Կարապետյանը կնշանակվի առաջին փոխվարչապետ, ինչպես արդեն քանիցս գրվել է մամուլում, որպեսզի հնարավորինս անցավ իրականացվի այս վերադասավորումը, որպեսզի դա չընկալվի որպես պառակտում ու չհարվածի Կարապետյանի ամբիցիոզ իմիջին։
Մյուս փոխվարչապետը կլինի Ծառուկյան դաշինքից։ Դա, ամենայն հավանականությամբ, լինելու է հենց Գագիկ Ծառուկյանը, ով հանդես կգա որպես Կարապետյանի հակակշիռ ու բալանսավորող տարր։ Այս երկուսի մրցակցությունը/դիմակայությունը թույլ կտա Սերժ Սարգսյանին պահպանել իշխանության իր հեգեմոնիան ու խուսանավման բավականին լայն միջանցք կստեղծի վերջինիս համար։ Եթե անգամ Ծառուկյանն անձամբ չլինի փոխվարչապետ, ապա ԲՀԿ-ն, միևնույն է, ունենալու է այդ պորտֆելը։ Ողջ հարցն այն է, թե ով կստանա այն։ Օբյեկտիվ գնահատումը ցույց է տալիս, որ քաղաքական այս թիմից միակ մարդը, ով ունի բավարար քաղաքական կշիռ ու ազդեցություն՝ այս կոնֆիգուրացիայում դեր ստանալու համար, Իշխան Զաքարյանն է, ուստի երկրորդ փոխվարչապետը կլինի կա՛մ Ծառուկյանը, կա՛մ Զաքարյանը։
Վերջապես, երրորդ փոխվարչապետը լինելու է ՀՅԴ-ից։ Դա չի լինելու Արծվիկ Մինասյանը՝ հաշվի առնելով, որ վերջինս ոչ այնքան հարթ հարաբերություններ ունի Կարեն Կարապետյանի հետ։ Բացի դրանից՝ ՀՅԴ-ում բարդ սուբորդինացիոն բուրգ է, ու քիչ հավանական է, որ Արծվիկին պատրաստվում են միակի ու անփոխարինելիի շղարշ տալ։ Հավանական դաշնակցական թեկնածուներ մնում են Աղվան Վարդանյանն ու Արմեն Ռոստոմյանը։ Հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանը փոխվարչապետի երրորդ պորտֆելն ուզում է վստահել հնարավորինս «անշառ» ու քիչ պրոբլեմատիկ մեկին, ապա, մեծ հավանականությամբ, դաշնակ վարչապետացուն լինելու է Աղվան Վարդանյանը, ով այդքան կոնֆլիկտային չէ, որքան Ռոստոմյանը, ու երիցս ապացուցել է իր լոյալությունը։