Հայաստանյան դավադրապաշտական շրջանակները շարունակում են գուժել Հայաստանի մահը, մեկուսացումը մանավանդ այն բանից հետո, երբ կառուցվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը։ Իհարկե, փաստն ինքնին վատ է, որովհետև, անկախ հետագայում այդ երկաթուղու աշխատանքի արդյունավետությունից, Հայաստանը տարածաշրջանային ճանապարհային անցուդարձից դուրս է մնում։ Սակայն ասել, թե երեք երկրների միջև հարաբերություններում ամեն ինչ հստակ է, նույնպես սխալ կլինի, որովհետև այս երկաթուղու կառուցումն սկսվել է դեռ 10 տարի առաջ ու ավարտին հասել միայն մի քանի օր առաջ։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Թուրքիայում մեկ տարվա ընթացքում 150 կիլոմետր երկարությամբ տարբեր երկաթուղիներ են կառուցվել, ինչը նշանակում է, որ մոտավորապես հինգ անգամ դանդաղ է ընթացել այս երկաթգծի կառուցումը։ Հարց է առաջանում, թե ինչու։
Խնդիրն իրականում գտնվել է Թուրքիայի ու Ադրբեջանի միջև եղած տարաձայնությունների համատեքստում։ Թուրքիան իր կողմից ազատականացրել է վիզային ռեժիմն Ադրբեջանի հետ, սակայն նույնը չենք կարող ասել Ադրբեջանի մասին, որը հանձն չի առնում դա անել՝ պայմանավորելով այն ավելի շատ Իրանի գործոնով։ Իրանը նույնպես պահանջում է իր հետ վիզաների ազատականացնում, սակայն Ադրբեջանը մտավախություն ունի, որ եթե դա թույլ տա, Իրանը երկիրը կլցնի հոգևորականներով, իսկ Ադրբեջանն աշխարհիկ պետություն է՝ ի տարբերություն իր հարևանի։ Հոգևորականների դերը երկրի ներսում կարող է հանգեցնել իսլամիստական տրամադրությունների բարձրացման, ու այդ պարագայում արդեն դժվար կլինի զսպել նրանց ազդեցությունը երկրի ներսում ու դրսում կայացվող որոշումների վրա։ Այնպես որ, ամեն ինչ չէ, որ այս հարաբերություններում հարթ է։