Այսօր Թեհրանում տեղի կունենա Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Հետաքրքիր զուգադիպությամբ Իլհամ Ալիևի այցի նախօրեին Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովում արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի մասնակցությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի հարցով քննարկում:
Մասնավորապես՝ Ասթարայի ընտրատարածքի պատգամավոր Վալիոլլահ Դադաշին նախարար Զարիֆից հետաքրքրվել է, թե ինչու Իրանն Ադրբեջանի քայլերին համարժեք չի գործում, այն է՝ Իրանն Ադրբեջանի քաղաքացիների համար չեղարկել է վիզային ռեժիմը, իսկ Ադրբեջանը՝ ոչ:
Հիշեցնենք, որ 2016թ. օգոստոսին Հասան Ռուհանիի՝ Բաքու կատարած այցի նախօրեին Ադրբեջանն իրանական կողմին հավաստիացրել էր, թե վիզային ռեժիմը կչեղարկի, որը, սակայն, տեղի չունեցավ, և Ալիևի՝ Թեհրան կատարելիք այցի նախօրեին իրանցի խորհրդարանականներն Ալիևից հստակ պատասխան են ակնկալում:
Ի դեպ՝ իրանական աղբյուրները թեև չեն մանրամասնում, թե Զարիֆն ինչ պատասխան է տվել պատգամավորին, սակայն նշվում է, թե ԱԳ նախարարի պատասխանը չի բավարարել պատգամավորներին: