Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե հարկային արտոնություններից օգտվում են իր որդիները: Նա այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նաև շեշտեց, թե, իր գնահատմամբ, շահերի բախում չկա նրանում, որ իր որդիների հետ փոխկապակցված ընկերությանը հարկային արտոնություններ են տրվում: Նախարարը դժգոհել է՝ ի՞նչ է, իր որդիներն իրավունք չունե՞ն այս երկրում ապրելու, ստեղծելու և այլն։
Տեսեք, Հարությունյանի դժգոհությունը իրականում տեղին է, եթե Հայաստանը լիներ նորմալ իրավական պետություն, որտեղ պետությունն ու բիզնեսն իրարից անջատ կլինեին, իսկ հարկերի հավաքագրումը կլիներ օրենքով սահմանված կարգով ու հասարակության շրջանում չէր ձևավորի այն կարծրատիպը, որ այս երկրում հարկային արտոնություններ միայն պաշտոնյաների զավակներին են տրվում, իսկ միջին ու մանր բիզնեսը ճկռում է հարկերի տակ։ Սրա մեղավորը հիմա գուցե Վարդան Հարությունյանը չէ, սակայն նա տարբեր ժամանակներում մասնավոր կորպորացիաներում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել, և ուրեմն՝ մասնակից է եղել նաև այդ արատավոր կարծրատիպի ձևավորմանն այս կամ այն կերպ։ Այժմ նա քաղում է դրա պտուղները։ Իր զավակների բիզնես անելուն նա, իհարկե, չի կարող ստիպելով խանգարել, սակայն, օրինակ, հարկային արտոնություններից չօգտվել կարող է՝ հաշվի առնելով իր՝ պաշտոնյա լինելու փաստը։ Դրանով հանրային դրական ֆոն կապահովվի։ Սակայն, ինչպես տեսնում ենք, նախարարը դրան կտրականապես դեմ է։ Եվ եթե հույս ունի, որ հարկային արտոնությունների՝ բոլորին տրվող իավունքների մասին խոսելով սայլը տեղից շարժվելու է, ու մարդիկ էլ սկսելու են վստահել պետական մարմիններին, ապա չարաչար սխալվում է։ Հանրության մոտ արտոնյալ դասի մասին պատկերացումներն այնքան կարծր են, որ, անկեղծ ասած, եթե իրենց աչքով էլ տեսնեն, որ իրենք ավելի քիչ հարկ են տալիս պետությանը, քան, ասենք, նույն Հարությունյանի զավակները, միևնույն է, չեն հավատալու։ Եվ դա տրամաբանական է։ Եկել է ժամանակը հնձելու այն, ինչ վաղուց ցանված էր։