Քաղաքական օրակարգի առանցքն աստիճանաբար անցում է կատարում մի առանցքից մյուսին։ Այս անգամ ավելի շատ սկսում է թատերաբեմում երևալ Վիգեն Սարգսյանը, և երկրորդ պլան մղվել վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ընտրություններն ավարտվել են, և Կարապետյանի դերակատարությունը դրանով էլ ավարտվում է, որովհետև, բացի օբյեկտիվ հանգամանքներից, վարչապետն, ինչ էլ որ չանես, ապաքաղաքական մարդ է ու հնարավորության սահմաններում դեմ չէ մի կողմ քաշվել քաղաքական ավանտյուրաներից։
Այլ բան է ՊՆ նախարարի դեպքը։ Նախ՝ Վիգեն Սարգսյանն ամբողջ կյանքում աշխատել է քաղաքական մարմիններում, ավելի շատ, իհարկե, տեսական ոլորտներում, սակայն փաստացի քաղաքական գործառույթներով։ Հետևաբար նա վարչապետի պես, ամենայն հավանականությամբ, չի փորձի խուսանավել հենց քաղաքական դիսկուրսից, ու այդ առումով շատ ավելի հետաքրքիր կդառնա քաղաքական կյանքը։ Սա այն դեպքում, երբ վերջին իրադարձությունները եկան արձանագրելու, որ Սարգսյանը հեչ էլ «բյուրեղյա տղա» չէ ու պատրաստ է, այսպես ասած, «քյալլա տալու» բոլոր նրանց հետ, ովքեր կփորձեն իր հետ պոլեմիկայի մեջ մտնել։ Բնականաբար, խոսքը ղալմաղալի մասին չէ, հավանաբար ամեն ինչ կարվի քաղաքական կոռեկտության սահմաններում։ Սա այսպես, թե այնպես պիտի պատահեր, որովհետև, մեծ հաշվով, Վիգեն Սարգսյանի քաղաքական կարիերայի համար սա երևի թե ամենալուրջ պաշտոնն է։ Դեռ վաղ է ինչ-որ բան ասել, բայց ակնհայտ է, որ Սարգսյանը չի վախենում մարտահրավերներից ու առայժմ տակ չի մնում իր վրա դրված պարտականությունները կատարելիս։ Սակայն ինչպես ասում են, սա ընդամենը սկզիբն է։