Ինչպես մի անգամ մի առիթով նշել է Հրանտ Մաթևոսյանը հայ ժողովրդի տիպաբանությունը նկարագրելիս, քոնը խեղճ չէ, քոնը խեղճություն է, խիղճը գիտես՝ երբ է գեղեցիկ․ երբ գազանի մեջ է։ Ահա այսպես խղճին զոռ գնալով, բայց իրականում խեղճությունը ափաշկյարա ցուցադրող հայ հանրությունն իր ամեն սեգմենտով անկախության օրվանից ի վեր չի կարողանում հակառակ բան թելադրել ինքն իրեն։ Չի կարողանում, որովհետև չի ուզում, թե չի կարողանում, որովհետև սովոր չէ։ Սրա մասին քննարկումներ դեռ շատ կլինեն։ Իրականությունը, սակայն, շատ ավելի տխուր է ու միգուցե ցավոտ, որովհետև համարյա 30-ամյա պատմության ընթացքում Հայաստանը ներքին կատակլիզմներ ապրեց միգուցե ավելին, քան պահանջվում էր ու կարող էր ենթադրվել։ Հիմա որոշ մարդիկ կասեն, թե տեսեք՝ հարևան երկրներում ինչ է կատարվում, Հայաստանը գոնե քաղաքացիական բախման փորձի ականատես չի եղել, սակայն, կներեք, իսկ ո՞վ է ասել, որ այդ բախումն անցումային պաթետության համար պարտադիր բաղադրիչ է։ Եվ առհասարակ, ինչո՞ւ է մեր ժողովուրդն այսքան մինիմալիստ։ Սա պատմական բացատրություն ունի, որը միգուցե մեկնաբանվում է երկար ժամանակ անկախություն չունենալով, սակայն այստեղից հետևում է հաջորդ հարցադրումը՝ ինչո՞ւ չեն քայլեր արվում հայ ժողովրդի՝ սեփական պատմության հետ առերեսվելու ուղղությամբ։ Վստահաբար կարող եմ ասել, որ սա արդեն դառնում է անպայման դրույթներից մեկը։ Պարտադիր։ Առանց սրա մենք ոչ մի պրոգրես ունենալ չենք կարող։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: