ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադին շատ քիչ ժամանակ է մնացել պաշտոնավարելու ու միակ հարցը, որ կարող է քննարկվել, այն է, թե ինչ ձևաչափով պետք է նա հեռանա։ Դատելով հայտարարությունից՝ չի բացառվում, որ, օրինակ, եթե Ասադն ինչ-որ իքս պահի հրաժարվի հեռանալ, նրա ու ընտանիքի հանդեպ կարող են ֆիզիկական հաշվեհարդար տեսնել։ Սակայն այս հայտարարությունը դեռ միայն ամերիկյան կողմինն է, որն ամեն կերպ փորձում է Ասադին հեռու պահել Սիրիայում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններից։ Թիլլերսոնն այլ ուշագրավ հայտարարություն էլ է արել հետևյալ մեկնաբանությամբ․ ԱՄՆ-ն ուզում է, որ Ասադը հեռու մնա Սիրիայի իրադարձություններից։
Իսկ պարոն Թիլլերսոնը հարցրե՞լ է՝ ուզում է արդյոք Սիրիայի հասարակությունը, որ Ասադը հեռանա երկրից։ Ի վերջո, եթե մինչև հիմա արևմուտքին չի հաջողվել այդ մարդուն ոչնչացնել, դա նաև պայմանավորված է նրանով, որ Ասադին նույնիսկ այա իրադարձություններից հետո շարունակում են ընդունել որպես լեգիտիմ նախագահ։ Նա չի վախենում Հալեպում հանգիստ զբոսնել առանց թիկնազորի, ու դա նրա լեգիտիմության լավագույն առհավատչյան է։
Ի վերջո, ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ իր ինտերվենցիոն քաղաքականության շնորհիվ առանց այն էլ բավականաչափ պետություններ են կործանվել, անմեղ մարդիկ մահացել, մինչդեռ ասել, թե նախկին վարչակարգերի տապալմամբ էական արդյունք է գրանցվել ժողովրդավարության մասով, հաստատ դժվար կլինի։ Այնպես որ, Սիրիայի հարցում զարգացումները, կարելի է ասել, ավելի շուտ դեռ նոր են սկսվում։