Պատմություն բարության մասին
Մի օր մի չքավոր տղա, ով դռնեդուռ էր ընկնում ապրանքներ վաճառելու համար, որպեսզի վճարի դպրոց գնալու ճանապարհածախսը, շուտով նկատեց, որ իր մոտ ընդամենը մի չնչին գումար էր մնացել, իսկ ինքը շատ քաղցած էր։ Որոշեց ուտելու բան խնդրել որևէ մեկից։ Սակայն երբ նա թակեց մեկի դուռը, և այն բացեց մի հաճելի երիտասարդ կին, տղան կորցրեց համարձակությունը և ուտելիքի փոխարեն ջուր խնդրեց։ Կինը մտածեց, որ տղան քաղցած տեսք ունի, և մի մեծ բաժակ կաթ բերեց։ Տղան անշտապ խմեց կաթը և հարցրեց. «Ինչքա՞ն եմ ես պարտք սրա համար»։ «Ոչինչ,- պատասխանեց նա, - իմ մայրը սովորեցրել է մեզ, որ բարության դիմաց ոչինչ պետք չէ ընդունել»։ Տղան պատասխանեց. «Այդ դեպքում շնորհակալություն իմ սրտի խորքից»։ Տարիներ անց այդ կինը ծանր հիվանդացավ։ Երբ այդ բնակավայրի բժիշկները չհասկացան, թե ինչ հիվանդություն է, նրան ուղարկեցին քաղաք, որպեսզի այնտեղի մասնագետները ուսումնասիրեն նրա հազվադեպ պատահող հիվանդությունը։ Բժիշկ Հովարդին էլ կանչեցին խորհրդատվության։ Երբ վերջինս լսեց, թե որ փոքրիկ քաղաքից է եկել այդ հիվանդ կինը, նա անմիջապես վեր կացավ իր տեղից և շտապեց հիվանդի սենյակ։ Կնոջը անմիջապես ճանաչեց։ Հետո հեռացավ այնտեղից՝ նրա կյանքը փրկելու համար ամեն ինչ անելու մտադրությամբ։ Երկար ջանքերից հետո հիվանդությանը հաջողվեց հաղթել։ Բժիշկ Հովարդին կանչեցին՝ վճարման չափը հաստատելու համար։ Նա ուշադիր նայեց վճարման թերթիկին, մի բան գրեց դրա եզրին և այն ուղարկեց այն կնոջ հիվանդասենյակ։ Կինը հապաղեց բացել և տեսնել գումարի չափը։ Նա համոզված էր, որ այն այնքան մեծ է լինելու, որ ամբողջ կյանքում պետք է չարչարվի գումարը փակելու համար։ Վերջիվերջո նա բացեց թերթիկը, և նրա ուշադրությունը գրավեցին եզրին գրված հետևյալ խոսքերը. «Փակված է ամբողջությամբ 1 բաժակ կաթով»։ Ստորագրված էր՝ բժիշկ Հովարդ։ Ինչպես 1 Հովհաննես 3:17-ում է ասված, նա, ով հնարավորություն ունի, սակայն բարություն չի ցուցաբերում կարիքավորի նկատմամբ, Աստծո սերը նրա մեջ չի բնակվում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել