Այսօր թերևս առաջին անգամ իր՝ պաշտպանության նախարար դառնալուց ի վեր Վիգեն Սարգսյանը շատ կոշտ կերպով պատասխանեց իր ընդդիմախոսներին, մասնավորապես՝ ԵԼՔ-ին, տարկետման իրավունքի վերաբերյալ օրենքի ընդունման դրույթների վերաբերյալ քննարկումների ժամանակ։ Ինչպես արդեն հասկացանք ելույթից, փորձ է արվում համեմատական տանելու 1997 թվականին ընդունված օրենքի հետ, ըստ որի՝ բոլորն անխտիր պարտավոր էին մեկնել զինվորական ծառայության։
Ի տարբերություն 1997 թվականի օրենքի՝ այս օրենքով 18 տարին լրացած անձինք ոչ միայն գնում են բանակ, այլև դրա փոխարեն նրանց առաջարկվում է նաև ծառայության դիմաց վարձատրություն ստանալ ու համատեղել նաև մասնագիտական գործունեության հետ արդեն սպայի կարգավիճակով։ Սա մի բան է, որ պետք է ընդունել ի գիտություն ու հասկանալ, որ այսպիսի նուրբ հարցում պոպուլիզմ վարելը հղի է շատ վատ հետևանքներով։ Հասկանալի է, որ ԵԼՔ-ի պարագայում բացակայում է քաղաքական օրակարգ ասվածը, իսկ երբ դու չունես օրակարգ, դու առաջնորդվում ես այսրոպեական քննարկումներով ու եզրահանգումներով, քանզի այլ բանով զբաղվել չես կարող։ Վերջապես հասունացել է այն պահը, երբ կառավարությունն իսկապես պետք է լիարժեք քայլ անի օրենքի ոչ միայն ընդունման, այլև կատարման ուղղությամբ, ոչ թե լղոզի հերթական փնթի կերպով, այլ հակառակը՝ ձեռնամուխ լինի դրա լիարժեք կիրառմանն ու անի այնպես, որ օրենքը հավասար լինի բոլորի համար։ Դա անելու պարագայում, հավատացնում եմ, շահարկումները դադարելու են, որովհետև մեկ բան է գեղեցիկ փաթեթավորված տեքստը, մեկ այլ բան՝ դրա լիարժեք կիրառումը։