Երեկ Վալդայի ավանդական հավաքի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ խուսափել է պատախանել այն հարցին, թե արդյոք առաջադրվելու է գալիք նախագահական ընտրություններում, թե ոչ: Այս հարցը ռուսաստանյան քաղաքական շրջանակներում վերջին ժամանակներս շատ է քննարկվում: Պուտինը հարցին պատասխանել է իրեն հատուկ անեկդոտ պատմելով՝ նշելով, որ դեռ վաղ է դրա մասին խոսել: Ռուսաստանի նախագահական ընտրությունները սարերի հետևում չեն, ուստի քանի մոտենա այդ շրջանը, այնքան հետաքրքրության շրջանակը գնալով մեծանալու է: Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում շարունակում է մնալ ամենահեղինակավոր քաղաքական գործիչը: Պուտինի վարկանիշը միգուցե նվազել է, սակայն նա առաջվա պես հաստատուն դիրքեր ունի երկրում: Եվ ուրեմն՝ ինչու է նա դիտավորութամբ հետաձգում իր առաջադրման հայտարարությունը: Միգուցե Պուտինը սպասում է, որ տեսնի, թե ովքեր են վերջնահաշվարկում մասնակցելու նախագահական ընտրություններին, ինչ գործիքակազմով ու ինչ հռետորաբանությամբ: Պաշտոնական Կրեմլը, ըստ այդմ, կարող է Պուտինի համար նախընտրական ծրագիր կազմել: Սովորաբար Պուտինն ինքն է բաց հռչակում իր ծրագրերը, իսկ օպոնենտները խաղում են նրա կանոններով՝ ամբողջ ժամանակը տրամադրելով Պուտինի ծրագրերին անդրադառնալուն: Իսկ, ամենայն հավանականությամբ, այժմ արդեն Պուտինն է հարմարվելու մնացածին, ինչն ավելի շատ է մեծացնում հավանականությունը, որ նա մեծ առավելությամբ չի հաղթի: Սա կա՛մ դիտավորյալ տակտիկա կարող է լինել, կա՛մ օրակարգի բացակայություն: Տակտիկա այն առումով, որ դա հնարավորություն է տալիս հասկանալու ընդդիմախոսների տրամադրություններն ու պլանները, ստիպել նրանց սպառել ամբողջ զինանոցը, ըստ այդմ՝ արդեն անցնել գործողությունների: Այս մեթոդը, ի դեպ, Հայաստանում վերջին տարիներին կիրառում է Սերժ Սարգսանը, ընդ որում՝ բավականին հաջող, որը և՛ հնարավորություն է տալիս պահպանելու իշխանությունն ու ապահովելու լեգիտիմ հաղթանակ: Հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսական ու քաղաքական ոչ բարվոք վիճակը՝ չի բացառվում, որ Պուտինի պարագայում ավելի շատ գործում է ոչ թե նոր տեսլականի, այլ օրակարգի բացակայության գործոնը: Ամեն դեպքում, անկախ ամենից՝ նա շարունակում է մնալ ընտրություններում ֆավորիտ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: