ԵԱՀԿ Մինսկի խումբը հերթական հայտարարությունն է արել երեկ նախագահների հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել Ժնև քաղաքում։ Անշուշտ, այլ բան սպասել չարժեր՝ բացի նրանից, որ կարող ենք արձանագրել, որ Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանն ու Ադրբեջանը վերադառնում են ելակետային դիրք, այսինքն՝ այնտեղ, որտեղ բանակցությունները մտել էին փակուղի։ Ավելի մեծ ջանքեր գործադրել՝ սահմանում լարվածությունը թուլացնելու, վստահության մթնոլորտ ստեղծելու ու ավելի ինտենսիվ հանդիպումներ հետագայում կազմակերպելու համար. սրանք էին վերոնշյալ հայտարարության հիմքում ընկած։ Խոսք չկա, իհարկե, Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների վերաբերյալ, որը հայկական ու ադրբեջանական կողմերը կարող են մեկնաբանել յուրովի։ Հայաստանը կարող է ասել, որ բարձրացրել է հենց այդ հարցը, իսկ Ադրբեջանը, որ, չնայած Հայաստանը չէր ուզում վերսկսել բանակցությունները, այնուամենայնիվ, դրանք տեղի են ունենում ու շարունակվելու են։ Սրանով կարելի է ավարտված համարել տվյալ բանակցություններն ու արձանագրել, որ Սերժ Սարգսյանի՝ որպես երկրի նախագահի, իր ադրբեջանցի գործընկերոջ հետ վերջին հանդիպումը, մեծ հաշվով, կողմերից և ոչ մեկին ոչինչ չտվեց։ Հետևաբար հարց է առաջանում՝ ինչ սպասել այս հայտարարություններից։ Մեծ հաշվով՝ ոչինչ։ Ադրբեջանը դժվար փոխի իր հռետորաբանությունն, ու պարզ է, որ հարցը չի դիտարկում բանկցությունների միջոցով լուծելու տեսանկյունից։ Փոխզիջում ասվածը Ադրբեջանի համար լրիվ այլ բան է, հայկական ընկալումներում այն նույնիսկ չի էլ քննարկվում։ Նույնն էլ Հայաստանի մասով՝ Ադրբեջանում։ Այնպես որ, կարող ենք պաշտոնապես հայտարարել, որ դարձ ի շրջանս յուր բանաձևն այսօր ավելի քան ակնհայտ է, ու որոշակիություն հարցի լուծման վերաբերյալ ինչպես չկար, այնպես էլ հիմա չկա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: