Պետք է հասկանալ, որ պետական կառավարման հարցում կա մի աներկբա աքսիոմ․ ով վերահսկում է ուժային կառույցները, նա էլ իր ձեռքերում է պահում երկրի ռեալ իշխանությունը։ Սերժ Սարգսյանը, միանշանակ, ունի այդ վերահսկողությունը և ունի դրա գրեթե ամբողջական մոնոպոլիա, որը չի փոխվելու 2018-ից հետո էլ։ Ամենևին պատահական չէ, որ հատկապես Սասնա ծռերից ու Սեյրան Օհանյանի փաստացի դավաճանությունից հետո Սերժ Սարգսյանն իսկական լյուստրացիա իրականացրեց ԱԱԾ-ում ու ՊՆ-ում և այդ կարևորագույն ուժային հանգույցների ղեկավարությունը վստահեց ոչ միայն իրեն առանձնակի հավատարիմ, այլև իր թիմի երկու ամենատաղանդավոր ու պոտենցիալով անդամներին՝ Գեորգի Կուտոյանին ու Վիգեն Սարգսյանին։ Ընդ որում՝ լյուստրացիայի պրոցեսը չի ավարտվել ու, ամենայն հավանականությամբ, 2018-ի դրությամբ այն կավարտվի Գլխավոր շտաբի զտումով։ Դե, ոստիկանության լոյալության հարցում էլ ոչ մի կասկած չկա, ու դժվար է պատկերացնել որևէ սցենար, որում Վլադիմիր Գասպարյանը կդավաճանի Սերժ Սարգսյանին։
Այսինքն՝ 2018 թվական Սերժ Սարգսյանը մտնելու է ավելի հզոր, քան երբևէ (ուժայինների լոյալության տեսանկյունից), սակայն Սերժ Սարգսյանը չէր լինի Սերժ Սարգսյան, եթե բավարարվեր այսքանով։ Չմոռանանք նաև, որ Սարգսյանն, ուժային կառույցներից զատ, վերահսկում է նաև խորհրդարանական մեծամասնությունը, այսինքն՝ խորհրդարանը, որը և իրավասու է նշանակել և ազատել վարչապետին։ Դե իսկ դեսերտի համար նշենք, որ արդեն այս նստաշրջանում ԱԺ-ում կանցկացնեն մի քանի օրենքներ, որոնք էապես սահմանափակելու են վարչապետի՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի, ունեցած լիազորությունները, ինչը հավելյալ երաշխիք է, որ իշխանության մոնոպոլիան ոչ ոք չի կարողանա վիճարկել։
Այնպես որ, իրականում քաղաքական կոնֆիգուրացիան հետևյալն է․ Սերժ Սարգսյանը, անգամ եթե 2018-ին որոշի զբաղեցնել զուտ Շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ֆորմալ առումով, ոչ ֆորմալ առումով շարունակելու է լինել երկրի ամենաուժեղ մարդ-թիմը։ Այնպես որ, ֆեդերացիայի նախագահ կլինի Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, թե վարչապետ, բացարձակ նշանակություն չունի մեծ հաշվով։ Ու թերևս, դժվար է անգամ ափսոսանք հայտնել այս առնչությամբ, եթե հաշվի առնենք, որ այլընտրանքը բացարձակ ոչ մի լավ արդյունք ցույց չտված Կարեն Կարապետյանի ու նրան առաջադրած թիմերն են։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2017/10/2018.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել