«Մեծ Հայքի» քարտեզի տպագրության առնչությամբ Ադրբեջանում բարձրացված աղմուկից անմիջապես հետո այժմ էլ Բաքվում հայտարարում են, թե տպագրական ընկերություններից մեկը տետրերի որոշակի խմբաքանակի վրա «սխալմամբ» պատկերել է Նիզամի Գյանջավիին՝ նշելով վերջինիս իրանցի լինելու հանգամանքը, որից անմիջապես հետո նշված խմբաքանակն ամբողջությամբ վերացվել է Ադրբեջանի գրախանութներից:
Հայաստանի ու Իրանի հետ թեկուզ չնչին առնչություն ունեցող յուրաքանչյուր հանգամանք Ադրբեջանի ուշադրությունից չի վրիպում, ուր մնաց Հայաստանի տարածքը «ադրբեջանական», կամ Նիզամի Գյանջավիին «ադրբեջանցի» համարող ԱՀ իշխանությունները նման բացթողում ունենային:
Դատելով վերոնշյալից՝ պետք է ենթադրել, որ Ադրբեջանի կառավարությունն այսուհետ նման միջադեպերը բացառելու և «սխալներն» ուղղելու պատրվակով առաջիկայում Ադրբեջանի պատմությունը վերաշարադրելու նոր նախաձեռնությամբ է հանդես գալու, որտեղ փորձ կարվի, Իլհամ Ալիևի առաջ քաշած հայեցակարգի համաձայն, իրերը կոչել իրենց անուններով: